Բնապահպանության նախարարության աշխատակից, 22-ամյա Հայկ Հայրապետյանը, ով այսօր նետվել է Կառավարության 3-րդ շենքի 6-րդ հարկից, դժբախտ պատահարից րոպեներ առաջ հեռախոսով զրուցելիս է եղել: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում պատմել են շենքում աշխատող մի քանի մարդիկ, ովքեր չեն ցանկացել ներկայանալ: Մեր զրուցակիցները հաստատել են ինքնասպանության վարկածը՝ ընդգծելով, որ 5-րդ հարկում, որտեղ տեղակայված է Բնապահպանության նարախարությունը, պատշգամբը փակ է եղել, ու երիտասարդը բարձրացել է 6-րդ հարկ՝ նետվելով Կրթության և գիտության նախարարության միջանցքի պատշգամբից:
ՀՀ բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը Epress.am-ի թղթակցին պատմել է, որ ընդմիջումից առաջ՝ ժամը 13:00-ի սահմաններում, Հայրապետյանը դուրս է եկել աշխատասենյակից, որից մի քանի րոպե հետո նետել է իրեն:
Հայկ Հակոբյանը, իր ափսոսանքն ու ցավը հայտնելով կատարվածի վերաբերյալ, ընդգծել է, որ Հայրապետյանը նախարարության աշխատակազմի կողմից շատ սիրված ու հարգված անձնավորություն է եղել, աչքի է ընկել իր պարտաճանաչությամբ:
«Համենայնդեպս, կոլեկտիվի կողմից որևէ խնդիր չի նկատվել, որը կարող էր կատարվածի պատճառ հանդիսանալ: Վարքագծում տարօրինակություններ չեն նկատվել. առավոտյան հանգիստ եկել է աշխատանքի ու անցել իր պարտականությունների կատարմանը: Հայկը ներքին աուդիտի բաժնի առաջին կարգի մասնագետ էր», – պատմել է մամուլի խոսնակը:
Հակոբյանը այլ մանրամասներ չի ներկայացրել՝ նշելով, թե դրանք կպարզի նախաքննությունը: