Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ադրբեջանի գրասենյակի ներկայացուցիչները երեկ Բաքվում հանդիպել են օգոստոսի 8-ից գերության մեջ գտնվող հայաստանցի զինվոր Հակոբ Ինջիղուլյանի հետ: Այս մասին ադրբեջանական ԶԼմ-ներին հաղորդել է ԿԽՄԿ Ադրբեջանի գրասենյակի խոսնակ Իլհամ Հուսեյնովը:
Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը՝ Հարությունը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ եղբայրը ԿԽՄԿ-ի միջոցով երկտող է փոխանցել:
«Գրել է՝ մի՛ անհանգստացեք, ես շատ լավ եմ, և ինձ այստեղ շատ լավ են վերաբերվում: Ասում է, որ ամեն ինչով ապահովել են, բժիշկները զննել են», – ասել է գերիի եղբայրը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ՊՆ-ի ձեռնարկած նախաքննության արդյունքները թույլ են տալիս պնդել, որ Հակոբ Ինջիղուլյանի արարքում բացակայում է հանցակազմը: Հիմնավորվել և ապացուցվել է, որ նա հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում հայտնվել է բացառապես մոլորվելու հետևանքով, և հայրենիք վերադառնալու դեպքում նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվելու: