«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» (ԻԱԿ) հասարակական կազմակերպությունը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի, «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի և «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի տնօրեն Վազգեն Հարությունյանի:
Ըստ կենտրոնի՝ վերոնշյալ անձինք և կազմակերպությունները խախտել են տեղեկատվության ազատության մասին օրենքը՝ հրաժարվելով տրամադրել Երևան քաղաքի վճարովի ավտոկայանատեղերում տեսախցիկների տեղադրման համար հիմք համարվող իրավական ակտի պատճենները՝ օրենքը, տեղադրելու մասին կարգադրությունը, որոշումը և այլն:
ԻԱԿ-ը դատարանին խնդրել է ճանաչել իր խախտված իրավունքը, պարտավորեցնել պատասխանողներին տրամադրել տեսախցիկների մասին տեղեկատվությունը, ինչպես նաև պահանջվող տեղեկատվության տրամադրումը մերժելու համար Հենրիկ Նավասարդյանին և Վազգեն Հարությունյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ յուրաքանչյուրին տուգանելով 50.000 դրամի չափով:
Նշենք, որ նոր ծրագրով Երևանում նախատեսվում է 20 հազար վճարովի ավտոկայաններ ստեղծել, որոնց հիմնական մասը վերահսկվելու է տեսախցիկներով: Վճարովի ավտոկանգառները նշված են կարմիր գծով: Մինչև 5 րոպե կայանելու դեպքում գումար չի գանձվում, մինչև 1 ժամվա դեպքում՝ 100 դրամ, 1 օրվա համար 500 դրամ, 1 շաբաթվա համար՝ 1000 դրամ, 1 ամսվա համար՝ 2 հազար դրամ, 1 տարվա համար՝ 12 հազար դրամ: