Գնդապետ Արտակ Բուդաղյանը հրաժարվել է ցուցմունք տալ հուլիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած հանցագործության փաստի առթիվ հարուցված քրեական գործով, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը: Հիշեցնենք, որ այդ օրը սպանվել էր Արտակ Բուդաղյանի եղբայրը՝ Ավետիք Բուդաղյանը, ինքը՝ գնդապետը, վիրավորվել էր, հրազենային վնասվածներ էր ստացել նաև Սուրիկ Խաչատրյանի մերձավոր Նիկոլայ Աբրահամյանը: Արտակ Բուդաղյանը մեղադրվում է սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքի մեջ: Ավետիք Բուդաղյանի սպանության մեջ մեղադրվում է Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը և նախկին մարզպետի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը:
ՊՆ-ն տարածած հաղորդագրության մեջ հայտնում է նաև, որ Արտակ Բուդաղյանը հրաժարվել է առերես հարցաքննվել քրեական գործով տուժող Նիկոլայ Աբրահամյանի, վկաներ Կարինե Հարությունյանի, Լարիսա Բարսեղյանի և Անգելինա Քայանի հետ` նրանց ցուցմունքներում առկա էական հակասությունների կապակցությամբ: Այսօր ժամը 10:00-ին մեղադրյալ Արտակ Բուդաղյանը կրկին հրավիրվել է հարցաքննության: ՊՆ-ն չի նշում, թե արդյոք Բուդաղյանը ներկայացել է հարցաքննության, թե ոչ:
ՊՆ-ի քննչական ծառայությունը նաև ստացել համակարգչատեխնիկական և տեսաձայնագրային փորձաքննության եզրակացությունը:
Համաձայն փորձաքննության եզրակացության՝ «թվային տեսագրիչի օրացույցի և ժամացույցի ընթացիկ ցուցմունքները համապատասխանում են իրականին: Տեսանյութերում փոփոխություններ չեն հայտնաբերվել»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանն ասել էր, որ մամուլում հայտնված տեսանյութը մոնտաժված է, իսկ իրական տեսանյութում երևում է, որ կրակոցները եղել են Սուրիկ Խաչատրյանի տան կողմից:
ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ չի նշվում, թե որ տեսանյութի մասին է խոսքը: