Նոյեմբերյանի զորամասում մայիսի 15-ին սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռ պատրաստ չէ, նախաքննությունը շարունակվում է արդեն չորս ամիս, ինչն էլ անհանգստացնում է նրա ընտանիքին ու հարազատներին, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Հիշեցնենք, որ Լյուքս Ստեփանյանի ծնողները մայիսի 17-ին որոշել էին որդու դին բերել Երևան՝ ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնելու համար: Մեծաթիվ զինվորականներ և ոստիկաններ փակել էին Երևան-Սևան մայրուղին, դեպքի վայր էին մեկնել ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Օհանյանը համոզել էր Լյուքս Ստեփանյանի հարազատներին հետ վերադառնալ Մարտունի և կազմակերպել հուղարկավորության արարողությունը:
«Հրապարակը» գրում է, որ չնայած գործը գտնվում է Սեյրան Օհանյանի ուշադրության ներքո, այդ հանգամանքը չի սփոփում մահացած զինծառայողի ծնողներին: Վերջիններիս մտահագությունը համալրվել է երեկ «Ժողովուրդ» օրաթերթի տպագրած այն լուրից հետո, համաձայն որի Ստեփանյանի սպանության մեջ կասկածվող Դավիթ Խաչատրյանին տեղափոխել են հոգեբուժարան և հետազոտել: Մահացած զինվորի հայրը՝ Իշխան Ստեփանյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է, որ իրենք կասկածում են, թե այդ քայլով փորձ է արվում նրա հոգեվիճակի վերաբերյալ այնպիսի «փաստեր» ձևակերպել, որոնք կարող են ազդել արդար դատաքննության, սպանության մեջ կասկածվողի հետագա պատասխանատվության վրա:
Թերթը նշում է նաև, որ Իշխան Ստեփանյանը հրաժարվել է պետության աջակցությունից: Ստեփանյանների ընտանիքին 2 միլիոն 450 հազար դրամ գումար է փոխանցվել գերեզմանի կառուցման աշխատանքների համար, սակայն հայրը այդ գումարը չի ընդունել: Ավելի վաղ նա հետ էր ուղարկել որդու թաղման օրն իրեն փոխանցած երեք հարյուր հազար դրամը:
Որդու քառասունքի արարողության համար պաշտպանության նախարարությունից ևս հինգ հարյուր հազար դրամ էր ուղարկվել, որը պետական աջակցություն է և տրվում է բոլոր զոհված զինվորներին, սակայն հայրն անգամ դա չէր վերցրել:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում