Home / Տեսանյութեր / Հայերն ու հրեաներն ամենից շատն են ատելության արժանանում թուրքական մամուլում. զեկույց

Հայերն ու հրեաներն ամենից շատն են ատելության արժանանում թուրքական մամուլում. զեկույց

Թուրքիայում կրոնական և ազգային փոքրամասնությունները, կանայք, նույնասեռականներն ու ԼԳԲՏ համայնքի մյուս ներկայացուցիչները թուրքական լրատվամիջոցներում հաճախ դառնում են ատելություն սերմանող խոսքի, խտրականության ու ռասիստական վերաբերմունքի թիրախներ: 

«Ատելություն սերմանող խոսքը լրատվամիջոցներում» խորագրով «Հրանտ Դինք» հիմնադրամի պատրաստած և օգոստոսի 22-ին ներկայացրած զեկույցը ներառում է Թուրքիայի խոշոր լրատվամիջոցներում փոքրամասնությունների և այլ անապահով խմբերի վերաբերյալ քննարկումների վիճակագրությունն ու վերլուծությունը: Զեկույցը կազմված է այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում մամուլին հետևելու արդյունքում հավաքված տվյալների հիման վրա:

Հիմնադրամը փոքրամասնություններին ու անապահով խմբերին թիրախավորող հոդվածների աճ է նկատել հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում՝ հիմնադրամի կողմից նախկինում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների համեմատ:

Զեկույցի համաձայն՝ ատելություն սերմանող խոսքն ավելի հաճախ հանդիպում է ամբողջ Թուրքիայի տարածքում շրջանառություն ունեցող մամուլում, իսկ դրա հիմնական մեղավորները սյունակագիրներն են: Ամենից հաճախ թիրախավորվող խմբերն են հայերը, հրեաները և քրիստոնյաները: Թուրքիայի հույն ու քուրդ համայնքների նկատմամբ նույնպես խտրական վերաբերմունք են դրսևորում, սակայն նրանց թիրախավորող հոդվածների թիվն ավելի ցածր է, քան նախորդ երեք խմբերինը:

Զեկույցի հեղինակները նաև նշում են, որ 4 ամսվա ընթացքում կանանց և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին թիրախավորող ու ատելություն սերմանող խոսք պարունակող մեծ թվով հոդվածներ են եղել: Տրանսգենդեր անհատների մասին գրված հոդվածների մեծ մասն այս մարդկանց կապում է հանցավորության հետ, իսկ «տրանսվեստիստ» բառն օգտագործում որպես վիրավորանք, գրված է զեկույցում: