Այսօր առավոտյան Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած հանցագործության փաստի առիթով գնդապետ Արտակ Բուդաղյանը հրաժարվում է ցուցմունք տալ, սուտ է և հիմարություն: Epress.am-ի հետ զրույցում նման գնահատական է հնչեցրել Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը: Նա պատմել է, որ հենց երեկ` ժամը 15.00-ից, Բուդաղյանը հարցաքննվել է, իսկ դրանից հետո իր՝ փաստաբանի և հոր՝ Էմիլ Բուդաղյանի հետ 2 ժամ՝ մինչև 20.00-ը, ծանոթացել է փորձաքննության նյութերին, 30-40 անգամ նայել տեսանյութը, ինչը նաև մեծ հոգեբանական լարվածություն է պահանջում, և իր մեկնաբանություններն է տվել:
Ալումյանի խոսքով՝ Բուդաղյանը այդ գործողություններին մասնակցել է, չնայած այն փաստին, որ առողջական խնդիրներ ուներ՝ ջերմություն, որովայնի ցավեր, և կանչվել էր հոսպիտալ: Հարցաքննությունից հետո՝ աշխատանքային օրվա ավարտից երկու ժամ անց, քննիչ Ալեքսան Ղազարյանը ցանկացել է 5 առերեսում անել Բուդաղյանի հետ:
«Արտակ Բուդաղյանը ոչ թե հրաժարվել է առերեսումից, այլ խնդրել է հետաձգել, քանի որ պետք է գնար հոսպիտալ: Ասել, թե նա հրաժավում է ցուցմունք տալուց, հիմարություն է»,- ասել է Ալումյանը:
Ինչ վերաբերում է ՊՆ հաղորդագրության մեկ այլ տեղեկատվությանը, թե համակարգչատեխնիկական և տեսաձայնագրային փորձաքննության եզրակացության համաձայն տեսանյութում փոփոխություններ չեն հայտնաբերվել, ապա, Ալումյանի խոսքով, դա բնական է, և դա իրենք երբեք կասկածի տակ չեն դրել:
«Մենք ասել ենք և հիմա էլ ասում ենք, որ համացանցում տեղադրված տեսանյութն է մոնտաժված: Իսկ քննիչների մոտ գտնվող տեսագրությունը համապատասխանում է իրականությանը», -ասել է Ալումյանը:
Լուսանկարը՝ Azatutyun.am