Home / Տեսանյութեր / Սայաթ-Նովա փողոցում շինարարության դեմ պայքարող բնակիչներին սպառնում են (ՎԻԴԵՈ)

Սայաթ-Նովա փողոցում շինարարության դեմ պայքարող բնակիչներին սպառնում են (ՎԻԴԵՈ)

Սայաթ-Նովա 10, 12 շենքերի բնակիչները չգիտեն՝ ինչպիսի քայերի է ընդունակ իրենց բակում շինարարություն իրականացնող «Լարկո Գրուպ» ընկերության  տնօրեն Գագիկ Հախվերդյանը, ով վերջին օրերին, տարածքի բնակիչների պնդմամբ, իրենց համար վտանգավոր է դարձել:

Այս մասին այսօր հայտարարել են տարածքի բնակիչներից մի քանիսը, որոնց ահազանգով Epress.am-ի թղթակիցը մեկնել էր վերոնշյալ բակ: Բնակիչների խոսքով՝ իրենց սպառնում են տարբեր ծանոթ ու անծանոթ մարդիկ՝ կոչ անելով չմասնակցել ակցիաներին:

Բնակիչները տեղեկացրել են, թե գրեթե ամեն օր իրենց տարբեր միջոցներով վախեցնում են, անգամ բերման են ենթարկում: Մասնավորապես, բակի լիազոր, ՀՀԿ-ական Անաիդա Հովսեփյանին որոշ պաշտոնյաներ, որոնց անունը կինը չի նշել, իր հետ զրույցում «խորհուրդ են տվել» բնակիչների ակցիային չմասնակցել, բացակայել քաղաքից:

Հովսեփյանը նշել է, թե ինքը միշտ կանգնել է Հանրապետական կուսակցության կողքին  ու «արժանի չէ նման վերաբերմունքի»:

«Չգիտեմ՝ ինձ երևի Լենինի տեղն են դրել, կամ Ժաննա դ՛Արկի, ու պարզվում է, որ ես ամբոխ եմ հավաքում ու խոչընդոտում շինարարությանը: Ընտրություններին բնակիչները ձայն տալուց բնակիչ էին, հիմա՝ ամբոխ են: Ես խուլիգանկա՞ եմ, բանդի՞տ եմ, ի՞նչ եմ, որ անընդհատ միլիցայություն պիտի ուղարկեն, ես էլ բացատրագիր գրեմ: Ես նամակ էի գրել, որպեսզի ուղարկեմ Վլադիմիր Գասպարյանին, բայց  հեռուստացույցով նրա ուղերձը լսելուց հետո գտնում եմ, որ  անիմաստ կլինի դիմումն ուղարկել նախարարություն. ոչ ոք չի կարդալու, չի լսելու, չի տեսնելու: Ոստիկանապետն ասում  էր, թե կդիմի ծայրահեղ միջոցների, եթե ինչ-որ մեկը խոչընդոտի ոստիկանների աշխատանքը»,- բողոքել է մեր զրուցակիցը:

Նա նաև հայտարարել է, թե  Տարոն Մարգարյանին ու Վլադիմիր Գասպարյանին իրենց բակ է հրավիրում, որպեսզի տեղում տեսնեն՝ ինչպես են փորձում խլել իրենց ճանապարհը:

Մեր զրուցակիցը շեշտել է, թե մինչ օրս  «Լարկո Գրուպը» ոչ մի օրինական փաստաթուղթ չի ներկայացրել, ոստիկաններն ինչ-որ անկնիք, անստորագրություն թղթեր են բերում և պնդում, թե դրանք բնօրինակներն են:

«62 տարեկան կին եմ, տնետուն թերթոններ եմ բաժանել Տարոն Մարգարյանի ընտրության ժամանակ ու կոչ արել նրան ընտրել, բայց այսօր գնում եմ քաղաքապետարան՝ ընդունող չկա: Հիմա էլ ասում են, թե տնօրենի մոտից բնակիչները կարևոր փաստաթուղթ են գողացել», – ասել է նա:

76-ամյա էմմա Բայբուրթյանը, ում երեք օր առաջ բերման էին ենթարկել, պատմել է, թե իրեն մեղադրել են կարևոր փաստաթղթի գողության մեջ:

«Աբսուրդ է, ինչի՞ս էր պետք այդ փաստաթուղթը, կամ այդ ինչպես տարա իր ձեռքից: Առերեսման ժամանակ չդիմացա, Հախվերդյանին ասացի՝ դու հավ էիր, որ չտեսար, թե ոնց տարա: Միայնակ կին եմ՝ տուն եկա՝ ինքնազգացողությունս վատացավ, շտապօգնությունն կանչենցինք, առավոտ վաղ էլ եկան խուզարկության, սակայն ոչինչ չհայտնաբերեցին: Ես այդ պարոնին ասել եմ ու հիմա էլ կրկնում եմ՝ պայքարել եմ, պայքարելու եմ, կպայքարեմ, ինքն էլ, թե՝ «կտեսնենք», – եզրափակել է Բայբուրթյանը:

Հիշեցնենք, որ Սայաթ-Նովա փողոցի 10-12 շենքի բնակիչները դեմ են, որպեսզի բակում գտնվող կաթսայատան վայրում բազմաֆունկցիոնալ 6 հարկանի շենք կառուցեն: Բնակիչները նշում են, որ կառուցապատողը ցանկանում է 230 քմ մետր մակարես օգտագործել, որի դեպքում, սակայն, փակվելու է նաև բակ տանող մեքենայի ճանապարհը: