Այսօր առավոտյան քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանի (Facebook-ում հայտնի է որպես Նավակը Ճոճող) տուն են ժամանել ոստիկանները և նրան տարել են Զեյթունի ոստիկանություն։ Գաբրիելյանին խնդրել են ներկայանալ նախորդ ամսին հարուցված գործի հետ կապված ցուցմունք տալու համար: Հիշեցնենք, որ Գաբրիելյանին վեց այլ ակտիվիստների հետ հրավիրել էին բաժին հուլիսի 23-ին՝ ուղեվարձի թանկացման դեմ ակցիայի ժամանակ, ոստիկանական մեքենան վնասելու գործով ցուցմունք տալու համար:
Նույն գործի շրջանակներում առավոտյան ոստիկանություն են հրավիրել նաև ակտիվիստ Մաքսիմ Սարգսյանին: Ակտիվիստներին ավելի ուշ ազատ են արձակել:
Առավոտյան բերման էր ենթարկվել նաև «Նախախորհրդարան» նախաձեռնության աջակից, 62-ամյա Սահակ Պողոսյանը և 80-ամյա Վանիկ Հովհաննիսյանը: Ինչպես տարածած հաղորդագրության մեջ նշել էր «Նախախորհրդարան»-ը, նրանց բերման են ենթարկել Կոմիտաս 5 հասցեի մոտակայքից: Քիչ առաջ «Նախախորհրդարան»-ի անդամներին ևս ազատ են արձակել:
Հիշեցնենք, որ գիշերը ոստիկանական բաժին բերման էին ենթարկվել ևս 4 ակտիվիստներ՝ Վահագն Մինասյանը, Սուրեն Սահակյանը, Գոհար Սարոյանը և Կարեն Հարությունյանը:
Քաղաքացիական ակտիվիստներն այս դեպքերը կապում են այսօր ժամը 13:00-ին կայանալիք «Երթ ոստիկանության զանգվածային ռեպրեսիայի դեմ» միջոցառման հետ: Ակտիվիստները Facebook սոցիալական ցանցում գրում են, թե մտավախություն ունեն, որ ոստիկանությունը առավել ակտիվներին փորձում է զբաղեցնել և թույլ չտալ նրանց հնարավորություն ունենալ մասնակցել այդ հանրային միջոցառմանը: