Կոմիտասի 5 հասցեում շենք չի կառուցվելու կամ կառուցվելու է մի պայմանով, երբ հարակից շենքերի բոլոր բնակիչներին հերթով կգնդակահարեն, հետո միայն սկսեն շինարարությունը: Վերոնշյալը բակ այցելած Epress.am-ի թղթակցի հետ զրույցում ասել են տարածքի բնակիչները:
Նշենք, որ Կոմիտաս 5 հասցեում նախատեսված է բնակելի շենք կառուցել, ինչից դժգոհ հարակից շենքերի բնակիչները պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում և արգելում շինտեխնիկայի աշխատանքը: Նրանք հայտարարում են, թե շինարարությունը խարխլում է իրենց շենքերի հիմքերը, իսկ կառուցվելիք շինությունը փակելու է բնակարանների լուսավորությունը: Բացի դա, բնակիչների և կառուցվող շենքի սեփականատեր, իրանահայ գործարար Էդուարդ Աբրահամյան-Քեշիշյանի հետ նախնական պայմանավորվածությամբ նոր բնակելին պետք է 5 հարկից բարձր չլիներ, մինչդեռ շինարարության մասին ազդարարող ցուցանակում 11 հարկանի շենք է պատկերված:
Չնայած նրան, որ բնակիչները միաբերան պնդում են, թե շինությունն ապօրինի է, քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվել է, թե անօրինական ոչինչ չկա ու շենքը կառուցվելու է:
Բակի մի խումբ բնակիչներ պատմել են, որ երեկ գնացել են քաղաքապետարան,
հանդիպել գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանին, նա էլ իր հերթին սկսել է համոզել, սակայն բնակիչները փոխհամաձայնության չեն եկել:
«Մեզ ասում էր՝ «ի՞նչ է, չեք ուզում, որ քաղաքը սիրունանա, չե՞ք ուզում, որ շինարարություն ընթանա, ուզում եք՝ քաղաքը մնա նույնը, մնա հին Երևանը և այլն», -պատմել է բնակիչներից մեկը:
Բնակիչները նշել, թե իրենք հարցրել են ճարտարապետին՝ արդյո՞ք նա եղել է Կոմիտասի 5-ում և արդյո՞ք ծանոթ է խնդրին, որ համոզում է իրենց, ինչին ճարտարապետը բացասական պատասխան է տվել:
«Երեկվանից էլ թաղապետ Հրայր Անտոնյանն է գալիս, ինչ-որ չափումներ է անում, նա էլ իր հերթին է փորձում բանակցություններ վարել: Մեզ ասում են՝ «դուք ձեր իրավունքներն եք պաշտպանում, բա կառուցապատողի իրավունքների մասին չե՞ք մտածում, դուք խիղճ չունե՞ք»: Էդ մարդն եկել ա՝ մեր տունն ա քանդում, խիղճ ունի, մենք էլ անխիղճ են: Իրենց թվում է, թե մենք մեր քմահաճույքն ենք առաջ տանում, բայց իրականում այդպես չէ», – ասել է մեր զրուցակիցը:
Բնակիչները նաև իրենց վրդովմունքն ու զայրույթն են արտահայտել օգոստոսի 24-ի միջադեպի վերաբերյալ:
«Խոսքի ազատությունն էլ մեր իշխանությունը ցույց տվեց ոստիկաների վերաբերմունքով՝ քաշքշում էին առանց հաշվի առնելու սեռն ու տարիքը: Ուրիշ երկրում լիներ, կարելի էր հասկանալ, քանի որ տարբեր ազգեր են ապրում, բայց չէ՞ որ Հաաստանում մեկ ազգ ենք ու ո՞նց կարելի է նման վերաբերմունք դրսևորել սեփական ժողովրդի նկատմամբ: Պարզ բան է՝ քաղաքապետից սկսած, թաղապետով ու շարքային աշխատողներով փողերը կերել են, հիմա էլ շենքից բաժին ունեն, դրա համար էլ շահագրգռված են, որ շենքը կառուցվի», – բողոքել են հավաքված կանայք:
Մեր զրուցակիցները նշել են, թե փոխզիջման չեն գնալու, անգամ եթե ստիպված լինեն զինված ուժերի դեմ դուրս գալ:
«Որ էդքան լավն են, թող Քեշիշին («Լիդեր» ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Աբրահամյան- Քեշիշյանին) ղրգեն Լենինական, Մուշ թաղամասում մի հատ շենք կառուցի, որ մարդկանց երեսները կռիսները չկրծեն», – եզրափակել է կանացից մեկը: