Home / Տեսանյութեր / «Շատ նուրբ է համբուրել». Շուշան Պետրոսյանի համար ոստիկանի արարքը «միակ պրոբլեմը չէ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Շատ նուրբ է համբուրել». Շուշան Պետրոսյանի համար ոստիկանի արարքը «միակ պրոբլեմը չէ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երգչուհի, ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը կարծում է, որ ավելի լավ է ոստիկանը համբուրի քաղաքացուն, քան ծեծկռտուք սարքի:

Այսօր լրագրողները Պետրոսյանի հետ հանդիպմանը խնդրել են նրան անդրադառնալ Կոմիտաս 5-ի դեպքերին, ինչին ի պատասխան երգչուհի-պատգամավորն ասել է, որ զարմանում է՝ ինչու է այդ թեման ֆետիշացվում, «միթե դա է մեր միակ պրոբլեմն այսօր»:

«Ես հարց եմ տալիս՝ վատ բա՞ն է համբույրը, ըստ նկարի, շատ նուրբ է համբուրել: Խնդրում եմ՝ ինձ ասուլիսի թեմայից հարցեր տվեք՝ սահմանամերձ գյուղերում իմ իրականացրած մշակութային ծրագրերից»,- ասել է Շուշան Պետրոսյանը:

Սակայն լրագրողներին շարունակել է հետաքրքրել երգչուհու կարծիքը հայտնի տեսանյութի մասին:

Պետրոսյանն ասել է, որ պետք է նախ ճշտել՝ արդյոք ոստիկանն ակտիվիստի ընկերը չէ, հետո խոսել, թե նրա նկատմամբ բռնություն է կիրառվել:

«Ի վերջո, հայ աղջիկ է, չե՞ք կարծում, որ էդքան պետք չի խոսել»,- ասել է Պետրոսյանը:

Նշենք, որ ոստիկան Հակոբ Խաչատրյանը «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում պնդել էր, որ ինքը չի համբուրել ակտիվիստ աղջկան, ու ավելացրել, թե ամուսնացած է, ունի երեխա և իրեն չէր կարող թույլ տալ նման բան անել՝ «էն էլ ակցիայի ժամանակ»:

Պատասխանելով Epress.am-ի թղթակցի այն հարցին, թե Պետրոսյանն իր պատգամավորական մանդատի հնարավորությունները չի՞ ցանկանում օգտագործել՝ պարզելու՝ արդյոք անօրինական է Կոմիտաս 5-ում շինարարությունը և արդյոք արդարացի է քաղաքապետարանի դեմ նստացույց անողների պայքարը՝ երգչուհին  ասել է, որ ինքն իր կարծիքն ունի այդ դեպքերի մասին, սակայն այսօրվա ասուլիսին չի ցանկանում այդ կարծիքը բարձրաձայնել:

«Այդ դեպքերի օրերին Երևանում չէի: Քանի՞ պատգամավոր կա ԱԺ-ում, թողեք ես իմ ոլորտով զբաղվեմ»,- ասել է Շուշան Պետրոսյանը: