Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը դատապարտել է լրագրող-հետախույզ Հադիջա Իսմայլովայի վրա հարձակումների նոր ալիքը: Այսօր տարածած հայտարարության մեջ դեսպանատունն իր աջակցությունն է հայտնում արտահայտման ազատությանն ու ընդգծում, որ այդ ազատությունը չպետք է օգտագործվի «կոնկրետ մարդկանց նկատմամբ կեղտոտ հարձակումների համար», գրում է Contatc.az-ը:
«Մենք մտահոգված ենք լրագրող Հադիջա Իսմայլովայի վրա շարունակական, հանրային ու վիրավորական հարձակումներով: Դրանք սարսափելի են ու պետք է դադարեցվեն: Մենք պնդում ենք, որ նման դեպքերը իրավական հետաքննության ենթարկվեն՝ ազգային օրենսդրության ու միջազգային պարտավորությունների հիման վրա:
Դա անելով՝ Ադրբեջանն իր հարգանքը կցուցաբերեր օրենքի գերակայության նկատմամբ, կխրախուսեր լրատվամիջոցների էթիկական ու ազատ մթնոլորտն ու կհոգար լրագրողների իրավունքների ու անվտանգության մասին՝ հատկապես նախընտրական շրջանում»,- ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ լրագրողի անձնական կյանքի գաղտնի նկարահանումները համացանցում տեղադրելուց հետո, որոշ իշխանամետ ԶԼՄ-ներ վերջին օրերին տարածում են տեղեկություններ Իսմայլովայի «հայկական արմատների մասին», ինչպես նաև հրապարակում նրա հարազատներին արատավորորղ նյութեր:
Այս ամենը տեղի է ունենում Մամուլի խորհրդի թողտվությամբ, որը պարտավոր է պահպանել լրագրության էթիկայի կանոնները: