Home / Հայաստան / Կառավարությունը գործիք կունենա ուսման վարձի շեմը սահմանելու համար

Կառավարությունը գործիք կունենա ուսման վարձի շեմը սահմանելու համար

Այսօր ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերի փաթեթին:

Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության կայքը, Կրթության և գիտության նախարարության որդեգրած ռազմավարության շրջանակում առաջարկվում է փոխել ուսանողների ֆինանսական աջակցության գործող համակարգի գաղափարախոսությունը. այն է` առաջադիմության վրա հիմնված բարձրագույն կրթության առաջարկի ֆինանսավորման ձևին զուգահեռ աստիճանաբար ներդնել բարձրագույն կրթության պահանջարկի ֆինանսավորման ձևը:

Հարցի առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Փաստորեն այս օրենսդրական նախաձեռնությամբ մենք իրականացնում ենք մեր նախընտրական խոստումը, ինչպես նաև կառավարության ծրագրի կարևորագույն դրույթներից մեկը, այն է` կառավարությունը գործիք է ունենալու, որպեսզի սահմանի ուսման վճարի վերին շեմ։

Այսօր այդպիսի հնարավորություն մենք չունենք, բայց մեր նախընտրական խոստումը հիմնվում էր նաև միջազգային փորձի վրա, քանի որ բազմաթիվ երկրներ ունեն այդ գործիքը: Քանի որ սա սոցիալական լուրջ խնդիրներից է, պետությունները սովորաբար կիրառում են այս գործիքը, որպեսզի նաև հանրությունը տեղյակ լինի, որ կառավարությունը կարող է զսպել ուսման վարձի աճը և կարող է միջամտել, եթե տեսնի, որ ուսման վարձը բարձրացվում է անհիմն ձևով և չի համապատասխանում շուկայական այն գնին, որ առկա է Հայաստանում։ Օրենքի ընդունումից հետո կառավարությունը հնարավորություն կունենա համապատասխան որոշումներով այս դաշտը կանոնակարգել և հստակ ազդակներ հաղորդել նաև բուհերին, թե նրանց գնագոյացման ռազմավարությունն ինչպիսին պետք է լինի: Մենք կկարողանանք պատասխանել նաև հանրությանը մտահոգող այն հարցին, թե ինչպիսին է կառավարության դիրքորոշումը ուսման վարձի վերաբերյալ։ Դրա համար կարծում եմ, որ սա արդիական որոշում է»: