Ոստիկանության ավագ սերժանտ Հակոբ Խաչատրյանը պնդում է, որ շաբաթ օրը Կոմիտաս 5 հասցեում բողոքի ակցիայի ժամանակ ակտիվիստին չի համբուրել: Այս մասին նա ասել է «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում: Հիշեցնենք, որ ոստիկանության պետի ցուցումով Խաչատրյանի լիազորությունները դադարեցվել են, իսկ, համաձայն ոստիկանության, եզրակացությունները կկատարվեն լիարժեք և ամբողջական ուսումնասիրությունների հիման վրա:
«էնպիսի տպավորություն ա ստեղծվել, որ ես, ինչ-որ մեկին չճանաչելով, մոտենամ ու վզից համբուրեմ, որ չեմ էլ իմանում էդ անձնավորությունն ով ա: Ու մինչև էդ ես իրա համար շատ բան եմ արել, ինքը վատ էր զգում, ջուր եմ մոտեցրել, լավ եմ վերաբերվել՝ որպես ոստիկան քաղաքացու հանդեպ, ու քաղաքացին իմ հանդեպ տենց բան անի՞, դա՞ ա ճիշտը», – թերթի հետ զրույցում ասել է Խաչատրյանը:
Նա նշել է, որ ամուսնացած է, ունի երեխա և իրեն չէր կարող թույլ տալ նման բան անել՝ «էն էլ ակցիայի ժամանակ»:
«Ես եթե նույնիսկ ճանաչեի, կամ իմ ծանոթը լիներ, ինչ-որ տեղ նման ենթադրություններ կարող էին անել, բայց անծանոթի հանդեպ ես ո՞նց նման ոտնձգություն կանեմ։ Բոլորը գիտեն, որ ես էդ անձնավորությունը չեմ, ես ամբողջ կյանքում սաղի համար լավություն եմ արել, ու ոչ մեկի հանդեպ ոտնձգություն իմ ամբողջ կյանքում չի եղել», – ասել է Խաչատրյանը։
«Հրապարակ»-ի այն դիտարկմանը, թե, այնուամենայնիվ, տեսանյութում նկատելի է իր ջերմ վերաբերմունքն ակտիվիստի նկատմամբ, ոստիկանը հետևյալ կերպ է արձագանքել.
«Եթե ուշադիր լինեք, նա դիմացի ոստիկաններից մեկից կախված էր, ես ընդամենը հետևից բռնել ու հետ եմ քաշել: Ես չէի կարա նրան մատների ծայրով բռնեի, հետ քաշեի, ես հետևից մոտեցա ու հետ քաշեցի, ընդամենը դա է եղել, ուրիշ ոչ մի բան։ Ես հույս ունեմ, որ ուսումնասիրություններից հետո կպարզվի ճշմարտությունը, ու ես պատիվ եմ պահանջելու, սա ի լուր աշխարհի թող տարածվի», – հայտարարել է ոստիկանը:
Նշենք, որ ավելի վաղ ակտիվիստ Շողիկ Մելքոնյանը նշել էր, որ ոստիկանը իրեն հետապդնում էր ողջ ակցիայի ժամանակ:
«Հոգատար ոստիկանի դեր էր խաղում ու փորձում էր հեռացնել փողոցից, ասում էր, որ ես լավ չեմ զգում, ջրի կարիք ունեմ: Ես անգամ չեմ զգացել՝ ինչպես է դա տեղի ունեցել, իմացա միայն, երբ ընկերներս ցույց տվեցին նկարը», – պատմել էր ակտիվիստը:
Մելքոնյանի պնդմամբ՝ ինքը ողջ ակցիայի ընթացքում շնչահեղձ լինելով դիմում էր ոստիկանին՝ պահանջելով հեռու մնալ իրենից, չկանգնել իր ճանապարհի ու մատով չկպնել:
ՄԻ պաշտպանի խորհրդական Աննա Սաֆարյանը տեղի ունեցածը որպես սեռական ոտնձգություն էր որակել: