«Սադախլոյի վերածնունդի միություն» կազմակերպությունը Վրաստանի նոր իշխանություններից պահանջում է արագացնել Հայաստանի հետ սահմանի սահմանազատման գործընթացը:
Այս մասին APA գործակալության վրաստանյան գրասենյակին հայտնել է կազմակերպության նախագահ Սաբիր Մեխտիևը: Նրա խոսքով՝ «երկու օր առաջ հայաստանցի զինվորները Սադախլոյում բռնել են Բուրմա գյուղի բնակիչ Քյամալ Հուսեյնովին, ինչպես նաև գյուղի երկու այլ բնակչի և տարել սահմանի մյուս կողմը:
Դեպքի մասին տեղեկացրել են նաև Ադրբեջանի դեսպանատանը: Նրանց ազատ են արձակել միայն Մառնեուլի ոստիկանության վարչության միջամտությունից հետո»:
«Մենք Վրաստանի նոր իշխանություններից պահանջում ենք արագացնել Հայաստանի հետ սահմանի սահմանազատման գործընթացը: Մենք չգիտենք՝ որտեղով է անցնում սահմանային գիծը: Դրանից օգտվելով՝ հայաստանցի զինծառայողներն ամեն օր սադրանքներ են կազմակերպում, ինչը միշտ վատ հետևանքներ է ունենում». – ասել է նա: