հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / 2014 թվականից նվազագույն աշխատավարձը կդառնա 50 հազար դրամ. 75 հազարին դեմ են

2014 թվականից նվազագույն աշխատավարձը կդառնա 50 հազար դրամ. 75 հազարին դեմ են

Կառավարությունն այսօր քննարկել է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկել են 2014 թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանել 75 հազար դրամ: Համաձայն ՀՀ կառավարության կայքի, այդ նպատակին կառավարությունը մտադիր է հասնել աստիճանաբար, առաջիկա տարիների ընթացքում, որի պատճառով էլ դեմ է եղել ներկայացված նախագծի ընդունմանը:

ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի պարզաբանմամբ, ըստ էության, կառավարության գործողությունների և միջնաժամկետ ծախսային ծրագրերում նվազագույն աշխատավարձի բարձրացում նախատեսված է:

«2014 թվականի հունվարից Հայաստանում նվազագույն աշխատավարձը կսահմանվի 50 հազար դրամ, սրանով նաև աղքատության վերին շեմը կհաղթահարվի: Նշվեց նաև, որ 2015 թ-ին նվազագույն աշխատավարձը սահմանվելու է 55 հազար դրամ, իսկ 2016թ-ին` 62 500 դրամ», – կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Ասատրյանը:

Նրա խոսքով՝ նվազագույն աշխատավարձի բարձրացումը համահունչ է ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությանը:

«Կառավարության ծրագրի իրականացմամբ նախատեսվում է մինչև 2017 թ. նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկում` հասցնելով մինչև 70 հազար դրամի: Նվազագույն աշխատավարձի հետևողական և նպատակադրված աճը թույլ կտա,  որ աշխատավարձերը համաչափ բարձարանան, ինչպես նաև տնտեսվարողներին հնարավորություն կտա իրենց բիզնեսը վերակառուցել այս ճանապարհին: Բնական է, որ առաջին հերթին պետք է ավելացվի արտադրողականությունը, պահպանվի զբաղվածության մակարդակը», – եզրափակել է նախարարը: