ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանը ճանաչել է Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի՝ ոստիկանների կողմից ազատ տեղաշարժի, խոսքի, հավաքների ազատության սահմանադրական իրավունքների խախտման փաստը, տեղեկացնում է «Հրապարակ» օրաթերթը:
Հիշեցնենք, որ 2011 թվականին Երևանում, Սարյանի արձանի մոտ Բարսեղյանը մի խումբ անձանց հետ ակցիա էր անցկացրել, որն ուղղված էր ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին նվիրված շքերթի ժամանակ ռուսաստանյան դրոշի ներքո Գյումրիում տեղակայված Ռուսաստանի զինված ուժերի 102-րդ ստորաբաժանման մասնակցության դեմ:
Լևոն Բարսեղյանին արգելել էին ակցիան շարունակել և Սարյանի արձանի մոտից նրան ու ակցիայի մասնակից ճարտարապետ Առնո Կուռին, իրենց պաստառների հետ միասին, ոստիկանության Երևանի Կենտրոն բաժնի պետի տեղակալ Արայիկ Պողոսյանի գլխավորությամբ բերման էին ենթարկել։
Մի քանի ժամ բաժնում ապօրինի պահելուց հետո բաց էին թողել՝ չունենալով նրանց այնտեղ պահելու որևէ հիմք։ Թերթը նշում է, որ ոստիկանության միակ նպատակը եղել էր երթն ամեն գնով խափանելը։ Այդ դեպքից հետո Բարսեղյանը դիմել էր դատարան՝ բողոքելով ոստիկանության գործողությունների դեմ։
«Հրապարակ»-ի հետ զրույցում Լևոն Բարսեղյանն ասել է, որ հայաստանյան դատական համակարգի նկատմամբ առանձնապես վստահություն չի ունեցել, բայց ծանրակշիռ փաստերի առկայության պարագայում, ինչպես նաև հաշվի առնելով հնարավոր հետևանքները՝ Վերաքննիչ, Վճռաբեկ, Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելը, դատարաններն ավելի զգույշ են դարձել:
«Իմ տպավորությամբ տիկինն (նկատի ունի դատավոր Ռուզաննա Հակոբյանին) ամենայն մանրամասնությամբ քննել է գործը, հարցաքննել է բոլոր վկաներին, առկա տեսանյութերը և բավարարել է մեր հայցը: Վճռի կայացման հարցում էական նշանակություն են ունեցել նաև միջադեպի օրն արված երկու տեսանյութ: Մեր հայցը շատ հասարակ էր: Պահանջում էինք ճանաչել իմ տեղաշարժի, խոսքի ազատության իրավունքի խախտման փաստը: Չէինք պահանջում գնդակահարել ինչ-որ մեկին», – ասել է Բարսեղյանը:
Բերման ենթարկելու տեսանյութը