Ամերիկացի հայտնի փիլիսոփա, քաղաքական ակտիվիստ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի լեզվաբանության պատվավոր պրոֆեսոր Նոամ Չոմսկին կազմել է «աշխարհի տիրակալների» կողմից մեդիայի միջոցով բնակչության ձեռնածության ենթարկելու ամենաուժեղ և արդյունավետ 10 ռազմավարությունների ցուցակը: Utopiana.am կայքում տեղադրված Չոմսկու տեքստը թարգմանել են Հուսիկ Ղուլյանը, Նազարեթ Կարոյանը և Աննա Ավետիսյանը:
– Այդ ռազմավարություններն այնքան կատարյալ են մշակված, որ մաֆիաների ուժի և տեռորի զոհն են դառնում նույնիսկ լավագույն կրթահամակարգեր ունեցող երկրները: Շատ երևույթների մասին են հաղորդում նորությունները, մինչդեռ մեկնաբանվում են քչերը:
Երկու հակասական տեսակետներով պատմությունները հավասարակշռելու լրագրողական միտումը բերում է «պատմությունները հարցի պաշտպաների և նրանց հակառակորդների առճակատման շուրջ կառուցելու» միտման (Ricci 1993: 95): Այսպես, աղբահանության կամ կոյուղու հետ կապված խնդիրները, չնայած դրանց կարևորությանը, լուսաբանվում են միայն այն ժամանակ, երբ ծագում է պայքար աղբի թաղման (զգայուն լանդշաֆտային գոտինորում-Հ.Ղ.) կամ այրման հարցերի շուրջ: Այնուհետև, այդ խնդիրներն ու դրանց տեխնիկական հիմքերը լուսաբանելու փոխարեն լուսաբանվում են «տուժած քաղաքացիների դժգոհությունը կամ կորպորատիվ խոսնակների, պետական կարգավորող մարմինների և բնապահպան ակտիվիստների միմյանց հակասող պնդումները» (Gersh 1992: 16):
Մեդիայի գործը ոչ թե տեղեկացնելն է, այլ՝ ապատեղեկացնելը. շեղել հանրության ուշադրությունը այն կարևոր հետևանքներից և փոփոխություններից, որոնք առաջացել են քաղաքական և տնտեսական էլիտաների ընդունած որոշումներից ` դրա համար կիրառելով ժամանցային ու ոչ կարևոր տեղեկատվության հեղեղման կամ շարունակական հեղեղման տեխնիկան:
Բարձրագույն իշխանական և կորպորատիվ աղբյուրներին մուտք ունեցող լրագրողները պետք է կանգնեն նրանց կողքին՝ չհրապարակելով որևէ հակադիր բան նրանց և նրանց կազմակերպությունների մասին: Հակառակ դեպքում, նրանք կզրկվեն տեղեկատվական այդ աղբյուրներից: Նման լոյալության դիմաց այդ աղբյուրները ժամանակ առ ժամանակ նրանց տրամադրում են լավ պատմություններ, տեղեկատվական արտահոսքեր և հատուկ հարցազրույցների հնարավորություն: Ոչ պաշտոնական տեղեկատվությունը կամ տեղեկատվական արտահոսքերը թողնում են հետաքննական լրագրության տպավորություն, մինչդեռ սովորաբար դրանք իշխանությունում գտնվողների կողմից ռազմավարական խուսանավումներ են (Ricci 1993: 99). «Լրագրության դառը հեգնանքն այն է, որ ամենից շատ հարգված լրագրողները ամենալոյալն են: Ծառայելով իշխանություններին՝ նրանք տիրանում են «լավագույն» աղբյուրներին» (Lee and Solomon 1990: 18).
10 ռազմավարությունները
1. Շեղման ռազմավարությունը
Սոցիալական վերահսկման առաջնային տարրը շեղման ռազմավարությունն է, որի էությունը հանրության ուշադրության շեղումն է կարևոր այն հետևանքներից և փոփոխություններից, որոնք առաջացել են քաղաքական և տնտեսական էլիտաների ընդունած որոշումներից՝ դրա համար կիրառելով ժամանցային կամ կարևորություն չունեցող տեղեկատվության հեղեղի կամ շարունակական հեղեղման տեխնիկան: Շեղման ռազմավարությունը կարևորվում է նաև գիտության, տնտեսագիտության, հոգեբանության, նեյրոկենսաբանության և կիբեռնետիկայի ոլորտի հիմնարար գիտելիքների նկատմամբ հասարակության հետաքրքրության աճը խոչընդոտելու գործում: «Հանրային ուշադրությունը, պահել իրական սոցիալական խնդիրներից հեռու՝ այն զբաղեցնելով իրական կարևորություն չունեցող հարցերով: Հանրությանը պահել անընդհատ զբաղված` զրկելով նրան մտածելու ժամանակից. արոտավայրից անմիջապես ախոռ` մյուս կենդանիների մոտ» (Մեջբերված է Silent weapons for quiet wars).
2. Ստեղծել խնդիրներ, ապա` առաջարկել լուծումներ
Այս մեթոդը հայտնի է նաև “խնդիր-հակազդեցություն-լուծում” անունով: Նախ, ստեղծվում է խնդիրը` որևէ «իրավիճակ», որը հանրային լսարանում կհարուցի որոշակի հակազդեցություն, և կդրդի նրան ցանկանալ այնպիսի լուծումներ, որոնք՝ հանրությանը ընդունել տալու նպատակ էր հետապնդվում: Օրինակ, թույլ տալ քաղաքային բռնության աճ կամ կազմակերպել արյունալի հարձակումներ, որպեսզի հասարակությունը հանդես գա ազատությունը սահմանափակող անվտանգության օրենքի պահանջով: Կամ, ստեղծել տնտեսական ճգնաժամ, որպեսզի հասարակությունը, որպես փոքրագույն չարիք, հրաժարվի որոշ սոցիալական իրավունքներից:
3. Աստիճանական ռազմավարությունը
Անընդունելի լուծումներ ընդունել տալու համար բավական է դրանք կիրառել աստիճանաբար, տարեցտարի, որպեսզի հասարակությունը չզգա և չհասկանա դրանք: Այս կերպ 1980-1990-ականների ընթացքում ներդրվեցին սոցիալ-տնտեսական արմատապես նոր պայմաններ (նեոլիբերալիզմ): -պետության նվազագույն միջամտություն, -մասնավորեցում, -անկայունություն, -ճկունություն, -զանգվածային գործազրկություն, -աշխատավարձ – չերաշխավորված պատշաճ եկամուտ , …փոփոխություններ, որոնք միանգամից կյանքի կոչվելու պարագայում կծնեին հեղափոխություն:
4. Հետաձգման ռազմավարությունը
Ոչ պոպուլյար որոշումը ընդունելի դարձնելու մյուս ճանապարհը այդ որոշումը «ցավոտ, բայց անհրաժեշտ» ներկայացնելն է` ստանալով ներկայում հանրության համաձայնությունը ապագայում դրա կիրառման համար: Ավելի հեշտ է ընդունել ապագա զոհաբերությունը, քան ներկա զրկանքը, քանի որ. -ջանքը չի գործադրվում ամիջապես, -հասարակությանը բնորոշ է միամտորեն հավատալ, որ «վաղն ամեն ինչ ավելի լավ կլինի» և գուցե, հնարավոր լինի խուսափել պահանջվող զոհաբերությունից, – հասարակությունը ժամանակ է ունենում հարմարվել փոփոխության գաղափարին և անտրտունջ ընդունել այն, երբ կգա դրա ժամանակը:
5.Հանրությանը վերաբերվել իբրև փոքր երեխայի
Լայն հասարակությանն համար նախատեսված գովազդի մեծ մասում խոսքը, փաստարկը, կերպարները և մանավորապես մանկական, հաճախ փխրուն, ձայներանգը օգտագործվում է այնպես, որ դիտորդը, ասես, լինի փոքրահասակ երեխա կամ մտավոր առումով թերհաս: Որքան ավելի շատ ենք փորձում խաբել դիտորդի հայացքը, նույնքան ավելի ենք ձգտում ընդունել մանկական տոն: Ինչու՞: «Եթե դիմացինիդ դիմում ես այնպես, կարծես նա 12 տարեկան լինի, ապա ներշնչանքի բերումով, ամենայն հավանականությամբ, նրա պատասխանը կամ արձագանքը նույնքան զուրկ կլինի քննադատությունից, որքան 12-ամյա երեխայինը”:
6. Ավելի շատ օգտագործել հուզական կողմը քան հայեցողությունը
Հուզական կողմի օգտագործումը դասական տեխնիկա է՝ շարքից հանելու համար ռացիոնալ վերլուծությունը և անհատի քննադատական մտածողությունը։ Ավելին, օգտագործելով հուզուկան ռեգիստր հնարավոր է բացել անգիտակցականի դուռը`այնտեղ արմատավորելու համար մտքեր, ցանկություններ, վախեր, չգիտակցված ձգտումներ կամ ներածելու համար վարվելակերպեր
7. Հասարակությունը պահել անգիտության և միջակության մեջ
Դարձնել հանրությանը անընդունակ՝ որպեսզի նա չհասկանա իրեն վերահսկելու և ստրկացնելու համար օգտագործվող տեխնոլոգիաներն ու մեթոդները: «Ցածր սոցիալական խավերին հրամցվող կրթության որակը պետք է լինի հնարավորինս աղքատ ու միջակ, այնպես, որ տգիտության նախատեսվող անդունդը սոցիալական ցածր և բարձր խավերի միջև ցածր խավերի համար լինի և մնա անհաղթահարելի » (See Silent Weapons for Quiet Wars).
8. Խրախուսել հասարակությանը սիրել միջակությունը
Հանրությանը մղել հավատալու, թե բութ, վուլգար և անկիրթ լինելը «մոդայիկ» է…
9. Ընդվզման փոխարինումը մեղավորության զգացմամբ
Թույլ տալ, որ անհատներն իրենք մեղադրեն իրենց անհաջողությունների համար՝ դրանց պատճառը փնտրելով իրենց ինտելեկտի, կարողությունների կամ ջանքերի ձախողման մեջ: Արդյունքում, տնտեսական համակարգի դեմ ըմբոստանալու փոխարեն անհատը տրվում է ինքնաարժեզրկման և ինքնախարազանման, ինչն էլ, իր հերթին, ծնում է դեպրեսիվ իրավիճակ, որի արդյունքներից մեկը գործողություններից զերծ մնալն է: Իսկ առանց գործողությունների չկա հեղափոխություն:
10. Անհատների մասին իմանալ ավելին, քան իրենք գիտեն իրենց մասին
Վերջին 50 տարիների ընթացքում գիտական կտրուկ առաջընթացն անընդհատ մեծացող անդունդ է ստեղծել հանրության և իշխող էլիտաների տիրապետած և գործածած գիտելիքների միջև: Կենսաբանության, նեյրոկենսաբանության և կիրառական հոգեբանության զարգացման շնորհիվ «համակարգին» հասանելի են դարձել մարդու ֆիզիկական և հոգեկան բնույթի վերաբերյալ բարդ ըմբռնումներ: «համակարգն» ավելի լավ է ճանաչում հասարակ մարդուն, քան ինքը`մարդն է իրեն ճանաչում: Դա նշանակում է, որ առավել հաճախ համակարգն ավելի մեծ հսկողություն և ազդեցություն ունի անհատների նկատմամաբ, քան անհատներն իրենք իրենց նկատմամբ:
Օգտագործվել են տեքստի հետ Utopiana.am-ում տեղադրված լուսանկարները