Ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը համարում է, որ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի հայտարարությունները 1999 թվականին ԱԺ-ում սպանված ՀՀ վարչապետ, պետական գործիչ Վազգեն Սարգսյանի հիշատակի անարգանք են:
«Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում Միքայելյանը պատասխանել է Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) այն հարցին, թե արդյո՞ք ինքը Վազգեն Սարգսյանի պատերազմի տարիներին երբևէ զենքով տեսել է: Տեր-Թադևոսյանն այդ հայտարարությունն արել էր նրանից հետո, երբ Սասուն Միքայելյանը հարցրել էր, թե արդյոք գեներալ-մայորը երբևէ զենքով տեսել է Ռոբերտ Քոչարյանին:
«Այո, տեսել եմ, Երասխավանի առաջին մարտական գործողությունների ժամանակ Վազգեն Սարգսյանը ղեկավարում էր ամբողջ Երասխավանի տարածքի մարտական գործողությունները, այո, զենքը ձեռքին», – «ՀԺ»-ի հետ զրույցում հայտարարել է Սասուն Միքայելյանը:
Վերջինս պնդել է, որ Վազգեն Սարգսյանը, լինելով պաշտպանության նախարար, երբեք չի խուսափել հայտնվել այն թեժ գոտում, որտեղ իր անհրաժեշտությունն է եղել:
«Նրա այդ նույն գործելաոճը եղել է մահապարտների հետ կապված և նման շատ պահերի: Ես անհարմար եմ զգում, որ հատկապես Կոմանդոսը նման բաներ է խոսում Վազգենից: Կոմանդոսը մի քանի ամիս առաջ էլ Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ էր խոսում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը տեղյակ չի եղել Շուշիի ազատագրումից: Անհարմար է նման բան խոսել: Ո՞նց կարող էր Գերագույն գլխավոր հրամանատարը տեղյալ չլինել: Կամ թե դուք այն ժամանակ ո՞վ էիք, որ առանց նրա գիտության նման բան անեիք կամ նման ձևով արտահայտվեիք: Եվ վերջիվերջո, Արկադի Իվանովիչ, դուք լավ գիտեք, թե ես ինչի համար եմ այդ հարցը տվել՝ տեսե՞լ եք Քոչարյանին՝ զենքը ձեռքին: Չեմ ուզում փակագծերը բացել: Ես չեմ ժխտում, որ Ռոբերտ Քոչարյանն ունի իր լուման, բայց ոչ մարտական գործողությունների ժամանակ: Ես ուզում եմ հիշեցնել ձեզ, որ Արցախի ազատագրման ժամանակ հանրապետության նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանն էր: Ամեն անգամ դուք ինչ-որ պատվերներ եք կատարում: Մենք եղել ենք մարտական ընկերներ, ես ձեզ հորդորում եմ, հանգիստ թողեք Վազգենին, մի մտեք այդ խաղերի մեջ: Առանց այդ էլ այս տարիների ընթացքում, պատերազմի բովով անցած տղաներին միշտ բզկտել են, նսեմացրել են, դատել են և այսօր էլ ուզում են քո ձեռքով ամեն ինչ կատարել: Արդեն այդ տղաներից բան էլ չի մնացել, ոչ առողջական վիճակներն են ներում, ոչ էլ ընդհանրապես իրենք այսօր ի վիճակի են ապրելու, հացի խնդիր է առաջ եկել այդ տղաների մոտ: Հիմա նորից դուք հարցեր եք բարձրացնում, ուզում եք Վազգենին փնովել, մեզ իրար խառնել: Դա երբեք չի լինի: Եվ կուզենայի դուք էլ ասեք, Վազգենից հետո երկար տարիներ են անցել, այդ տղաները ձեզ հետ մարտական գործողությունների են մասնակցել, ի՞նչ եք արել նրանց համար, երբևիցե ցանկացե՞լ եք համախմբել, կամ ինչ-որ հարց բարձրացնել, ընդհանուր հարցի լուծում տալ: Եվ այս ամենով հանդերձ, նորից ուզում եք մեզ մասնատել: Չի կարելի, հորդորում եմ, ձեռքներդ հեռու Վազգենի շիրիմից», – ասել է Միքայելյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «ՀԺ»-ի այսօրվա համարում