Անցած ուրբաթ «Հայբիզնեսբանկի» Շենգավիթի մասնաճյուղի կառավարիչ Արտյոմ Պետրոսյանը նամակ է թողել ծնողներին և անհետացել։ Նա անհետանալուց առաջ մեծ գումար է վերցրել բանկից։
«Հայկական ժամանակ» օրաթերթի այս տեղեկությունը հաստատել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: Նա նշել է, որ հարուցվել է քրգործ 179 հոդվածով (յուրացնելը կամ վատնելը խոշոր չսսփերով):
Թերթի ունեցած տեղեկություններով՝ անհետանալուց առաջ թողած նամակում նա ներողություն է խնդրել հարազատներից և նույնիսկ ակնարկել է, որ ինքը կարող է ինքնասպան լինել։ «ՀԺ»-ն հիշեցնում է, որ վերջին շրջանում սա «Հայբիզնեսբանկի» հետ կապված արդեն երրորդ աղմկահարույց պատմությունն է։
Այս տարվա հունիսի 10-ին իր աշխատասենյակում մի քանի անձանց կողմից ծեծի էր ենթարկվել բանկի կառավարիչ Սերգեյ Արզումանյանը, սակայն իրավապահները այդ փաստի առիթով քրգործ չեն հարուցել։
«Մայիսին, իբր խոշոր գումարներ յուրացնելու համար ձերբակալվել էր բանկի աշխատակցուհիներից մեկը, որի կատարած «յուրացումների» պատմությունը չափազանց տարօրինակ էր», – գրում է թերթը՝ խոստանալով այդ դեպքի մանրամասները ներկայացնել առաջիկայում։