2012 թվականից Հայաստանում գտնվող ռազմագերի Ֆիրուզ Ֆարաջևը իրավասու միջազգային կազմակերպության միջոցով Հայաստանից փոխանցվել է երրորդ երկիր: Այս մասին երեկ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) Երևանի պատվիրակության ղեկավար Լորենցո Կարաֆիին հայտնել է ՀՀ ՊՆ նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանը:
ԿԽՄԿ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ Կարաֆին օգոստոսի 26-ին այցելել է ադրբեջանցի ռազմագերուն։
«Այցելության ընթացքում, որն իններորդն էր նրա ազատազրկման պահից, զուտ ընտանեկան բնույթի տեղեկություններ են փոխանակվել ազատազրկվածի և նրա ընտանիքի միջև,- ասել է Կարաֆին, – նաև, ԿԽՄԿ-ի պատվիրակները համոզվել են, որ գերին ազատ է եղել հայրենադարձվելու կամ երրորդ երկիր տեղափոխվելու վերաբերյալ իր կամքը արտահայտելու հարցում»։
ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը խնդրել է ԿԽՄԿ-ին տեղեկացնել փախստականի ծնողներին և հարազատներին, որ նա բարեհաջող կերպով տեղափոխվել է անվտանգ, ապահով, բարեկեցիկ և ժողովրդավար երկիր, որտեղ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ֆարաջևը փախստականի կարգավիճակ է ստացել:
ՊՆ-ի հայտարարության մեջ նշված է նաև, որ «իր երկրում անմարդկային ճնշումների ու խոշտանգումների ենթարկվելու պատճառով Ֆիրուզ Ֆարաջևը 2012թ. հուլիսին փախուստի էր դիմել ու հատել Հայաստանի սահմանը»: