Նախախորհրդարանի անդամ Դմիտրի Հարությունյանը, որին կասկածում են ս.թ. օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում կատարվող ապօրինի շինարարության դեմ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, այս պահին դեռևս գտնվում է Էրեբունու քննչական մեկուսարանում: Նրան հարցաքննում են, շուտով կտեղափոխեն Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանների առաջին ատյանի դատարան` կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդության հարցը լուծելու նպատակով: Այս մասին ասված է «Նախախորհրդարանի» տարածած հայտարարության մեջ:
Հայտարարության հեղինակները նշում են, որ քրեական հետապնդում իրականացնող մարմինը հատուկ շահագրգռություն ունի Դմիտրի Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու հարցում: Իսկ գործադիրից կախված դատարանի պարագայում քիչ հավանական է, որ դատարանը դեմ գնա ոստիկանության նպատակներին: