Home / Հայաստան / Ինչու է ձգձգվում խոտի դեզի գործի քննությունը. պաշտպանները միտում են տեսնում

Ինչու է ձգձգվում խոտի դեզի գործի քննությունը. պաշտպանները միտում են տեսնում

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Արամ Մուղալյանի և նրա ընկերներ Ռոբերտ Փիլոյանի, Գագիկ Առաքելյանի և Արթուր Քլյանի դեմ խոտի դեզ այրելու և խուլիգանություն անելու փաստի առթիվ  հարուցված գործի քննությունը: Այսօրվա նիստը կարող էր վճռորոշ լիներ, քանի որ դատախազը պետք է պաշտպանների միջնորդության մասին տեսակետ հայտներ, ինչը չէր արել նախորդ նիստին՝ դատավորից ժամանակ խնդրելով:

Հիշեցնենք, որ  պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել այն մասին, որ նախաքննական մարմինը, խախտելով օրենքը, երկամսյա ժամկետը լրանալուց 25 օր անց է միջնորդել նախաքննության ժամկետը երկարացնելու մասին: Այժմ փաստաբանները պահանջում են 25 օրում ստացված ապացույցները անօրինական և անթույլատրելի ճանաչել և գործը կարճել:

Ինչևէ, դատախազ Անդրանիկ Դոլինյանն այսօր չէր ներկայացել դատարան: Նա դատավորին միջնորդություն էր ուղարկել՝ թույլ տալով, որպեսզի պետական մեղադրողի պարտականույթունները այսուհետ գործի շրջանակներում կատարեն Անդրանիկ Սահակյանը և Արսեն Աղաբեկյանը, քանի որ ինքը վերապատրաստման սեմինարների է մասնակցում: Նոր դատախազները  ևս հրաժարվել են նախաքննական մարմնի դեմ միջնորդության շուրջ կարծիք հայտնել և ամենաքիչը 10 օր ժամանակ են խնդրել գործի նյութերին ծանոթանալու համար:

«Ձեռ եք առնում արդե՞ն: Մեր տղաները 4  ամիս է՝ անհիմն նստած են»,-  դահլիճից բղավել է մի կին և ստացել դատավորի նկատողությունը:

Ըստ պաշտպանական կողմի՝ ձգձգումը միտումնավոր է կատարվում, քանի որ նախորդ դատախազը, հավանաբար, մեկ օրում չէ, որ իմացել է իր վերապատրաստման մասին և կարող էր նյութերը տրամադրել նոր դատախազներին:

«Հաղորդում են տվել, որ բացահայտել են, հետո տեսել են, որ կապ չունի, էլ չենք կարողացել փոխել դիրքորոշումը: Իմ մտավախություններից մեկը դա է»,-  Epress.am-ի հետ զրույցում անդրադառնալով գործի ընթացքին՝ ասել է Փիլիոյանի և Առաքելյանի պաշտպան Մկրտիչ Դավթյանը:

Նա ասել է, որ գործը պետք է կարճվի, քանի որ նախաքննությունն անօրինական է կատարվել, ապացույցներ չկան, միակ ապացույցը Մուղալյանի ցուցմունքն է, որը ստացվել է խոշտանգումների միջոցով:

Դավթյանն ասել է, որ իր պաշտպանյալ Փիլոյանին ևս ծեծի են ենթարկել և  դրա հետևանքով ստացված կապտուկների մասին դատաբժշկական փորձաքննություն կա, ինչը ևս դեռ գործին կցված չէ:

Հիշեցնենք, որ  պաշտպանական կողմը  կտրականապես դեմ է տղաների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելուն: Դատավորը միայն Արթուր Քլյանին է ազատել՝ գրավի դիմաց, իսկ մյուսների մասով մերժել է՝ պատճառաբանելով, որ ազատության մեջ նրանք կխոչընդոտեն քննությանը:

Այսօր դատական նիստին ուշացումով ներկայացել է նաև տուժողը՝ Սիաբանդ Խուդոյանը, ով ևս մեկ անգամ հավաստիացրել է, որ ինքը ոչ մի պահանջ չունի ամբաստանյալներից: