Հանրային խորհրդի գենդերային ժողովրդագրական հարցերի հանձնաժողովը, անդրադառնալով կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների օրենքի մասին քննադատողական կարծիքներին, հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է իրավունքի պատմական զարգացմանը հայկական մշակույթում և դրա պարտադրմանը Հայաստանի ստորագրած միջազգային պայմանագրերում:
«Երկրի զարգացման գործընթացներում կանանց լիարժեք մասնակցությանը նպատակաուղղված գործունեությունը ունի ազգային, պատմական, մշակութային հիմքեր: Իրավահավասարությունը, հարգանքը մարդու և նրա արժանապատվության նկատմամբ, կանանց և տղամարդկանց ներդաշնակ ու հարգալից հարաբերությունները հնուց անտի եղել և մնում են մեր ազգային կենսակերպը` նպաստելով պատմական մեծ փորձություններին դիմակայելուն: Այս մոտեցումների իրավական արմատները հասնում են մինչև Շահապիվանի ժողով, Դավիթ Ալավկա որդու, Մխիթար Գոշի, Սմբատ Սպարապետի և այլոց աշխատությունները: Հայաստանի Հանրապետությունում կանանց և տղամարդկանց հավասարությունը երաշխավորող իրավական հիմքը ներառում է`Հայաստանի` որպես ՄԱԿ-ի, Եվրախորհրդի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ-ի և այլ միջազգային կառույցների անդամի վավերացրած փաստաթղթերը գենդերայինհավասարության վերաբերյալ, մասնավորապես՝ Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին ՄԱԿ¬ի կոնվենցիան (ՀՀ-ն վավերացրել է 1993 թ.), Պեկինի գործողությունների ծրագիրը(1995), «Հազարամյակի զարգացման նպատակները» (2000) և դրանց շրջանակներում պետության ստանձնած պարտավորությունները», – նշել են հայտարարության հեղինակները:
Ըստ հանրային խորհրդի՝ անհասկանալի են մի խումբ հասարակական գործիչների կողմից սկսված քննարկումները՝ կապված օրենքի հետ:
«Ակնհայտ է, որ «գենդեր» և հարակից եզրույթների ոչ մասնագիտական մեկնաբանություններն ու դրանցից բխող մտահոգությունները որևէ աղերս չունեն կանանց քաղաքական, քաղաքացիական ևսոցիալական մասնակցության բարձրացմանն՝ ուղղված նշված օրենքի և առհասարակ գենդերային քաղաքականության հետ: Այնուամենայնիվ, առաջնորդվելով հրապարակային գործունեություն ծավալելու իր գործելաոճով, պաշտպանելով ժողովրդավարական արժեքներն ու բազմակարծության սկզբունքը, ՀՀ Հանրային խորհրդի գենդերային և ժողովրդագրական հարցերի հանձնաժողովը պատրաստ է երկխոսության մեջ մտնել բոլոր նրանց հետ, ովքեր չեն ընդունում գենդերային հավասարության գաղափարը կամ վերապահումներ ունեն «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի առնչությամբ»,- ասված է հայտարարության մեջ: