Home / Հայաստան / Ալեքսանյանը փորձում է սեպ խրել. Փակ շուկայի համար պայքարողների պահանջները չեն փոխվում

Ալեքսանյանը փորձում է սեպ խրել. Փակ շուկայի համար պայքարողների պահանջները չեն փոխվում

Ոստիկանությանը «չի հաջողվել» կանխել Փակ շուկայի շենքի նախկին տեսքը վերադարձնելու համար պայքարող ակտիվիստների դեմ սադրանքները, չնայած «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խումբը ավելի վաղ պահանջել էր պահպանել ակցիայի մասնակիցների անձնական անվտանգությունը և անձեռնմխելիության պաշտպանությունը: Այս մասին ասված է «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» շարժման տարածած հայտարարության մեջ:

Շարժումը նշում է, որ օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին Փակ շուկայի մոտ կազմակերպված ակցիաների ընթացքում սադրիչները, ցուցաբերելով ակնհայտ ագրեսիվ կեցվածք, փորձել են ահաբեկել խաղաղ ակցիայի մասնակիցներին` բազմիցս հարձակվելով նրանց վրա, պատռելով մշակութային ժառանգության թեմաների վերաբերյալ պաստառները և բռնություն գործոդրելով ակցիայի մասնակից որոշ քաղաքացիների, այդ թվում` անչափահաս մի աղջկա նկատմամբ:

«Ըստ ոստիկանության տվյալների, բռնության գործադրման նշված փաստերի առթիվ հարուցվել են քրեական գործեր: Սակայն ոստիկանության քայլերը բավարար արդյունք չեն տալիս, ինչի մասին են վկայում ակցիայի առավել ակտիվ մասնակիցներից շատերի նկատմամբ սկիզբ առած հետապնդումներն ու սպառնալիքները:

Սեպտեմբերի 2-ին, ժամը 12.00-ին Սամվել Ալեքսանյանի հրահանգով նրան պատկանող կազմակերպությունների ավելի քան հազար աշխատողներ եկել էին «Ծածկած շուկայի» տարածք` մշակութային ժառանգության համար պայքարող քաղաքացիների նկատմամբ նախորդ օրերի սցենարով, սակայն շատ ավելի մեծ ծավալով, ճնշում և բռնություն գործադրելու նպատակով։ Իսկ «Ծածկած շուկայի» տնօրինությունը շենքի ճակատային հատվածում նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով նրա վերաբերյալ պաստառ էր փակցրել, որի վրա գրված էր՝ «մասոն», իսկ լուսանկարի տակ՝ «ո՛չ վարձու ընդդիմախոսներին, ո՛չ օտարերկրյա լրտեսներին, ո՛չ գրանտակերներին. դուք դեմ եք 700 աշխատատեղերի ստեղծմանը», ինչն արդեն ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն է», – նշում են հայտարարության հեղինակները:

Շարժման ներկայացուցիչները նշում են, որ Փակ շուկայի սեփականատեր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանը փորձում է հասարակության տարբեր հատվածների միջև սեպ խրելով հանրության ուշադրությունը շեղել խնդրի լուծումից և հասնել իր գլխավոր նպատակին, այն է՝ հասարակությանը կանգնեցնել իբրև թե փաստի առաջ և հանրային համոզմունք ձևավորել, որ այլևս անհնար է վերականգնել «Ծածկած շուկա» հանրապետական նշանակության հուշարձանը:

«Նախաձեռնող խումբը հատուկ ընդգծում է, որ Ալեքսանյանի` «Ծածկած շուկայի» մոտ հավաքված կողմնակիցները մեր քույրերն ու եղբայրներն են, ուստի մենք ոչ մի դեպքում չենք գնա նրանց հետ առճակատման` բացառությամբ իրավաչափ ինքնապաշտպանության դեպքից: Նրանց մեծ մասն ակնհայտորեն ծանր սոցիալական վիճակում է և այս կամ այն կերպ կախված է պատգամավոր Ալեքսանյանից, նրա կողմից ենթակա է բարոյական ճնշման և աշխատանքային իրավունքների ոտնահարման, անելանելի վիճակում գտնվելու պատճառով կարող է գայթակղվել սին խոստումներով կամ մանր կաշառքներով, ինչի հետևանքով նաև զրկվում է արժանապատվություն և երազանքներ ունենալու պարզ մարդկային հնարավորությունից:

Միևնույն ժամանակ` մենք շարունակելու ենք ակցիաներ իրականացնել թե «Ծածկած շուկայի» մոտ` հուշարձանի տարածքում շինարարության կասեցման նպատակով, թե ամբողջ քաղաքով մեկ` հուշարձանի կարևորության վերաբերյալ հանրությանը լայնորեն իրազեկելու նպատակով», – նշված է հայտարարության մեջ:

Նախաձեռնող խումբը հայտարարում է, որ «Ծածկած շուկայի» հարցով հանրության պահանջները մնում են նույնը.

1. «Ծածկած շուկայի» սեփականատիրոջն օրենքով սահմանված կարգով ենթարկել պատասխանատվության, հարկադրել նրան հատուցելու հուշարձանին հասցված վնասը և վերականգնելու դրա նախկին վիճակը, ինչը ենթադրում է.

–         ապօրինի շինված կառույցների ապամոնտաժում,

–         հուշարձանի վերականգնում իր նախնական տեսքով:

2. Դադարեցնել հուշարձանի նկատմամբ սեփականատիրոջ օգտագործման իրավունքը և դրա տարածքում արգելել որևէ տնտեսական գործունեություն` մինչև նշված օրենքի պահանջների կատարումն ու հուշարձանի նախկին վիճակի վերականգնումը:

3. Վերը նշված պահանջները չկատարելու դեպքում իրավական միջոցներով  սեփականատիրոջը զրկել սեփականության իրավունքից:

«Մենք կրկին պահանջում ենք հուշարձանի համար պայքարող ակցիաների մասնակիցների բոլոր իրավունքների և օրինական շահերի, այդ թվում` անձնական անվտանգության և անձեռնմխելիության պաշտպանություն ոստիկանության կողմից», – եզրափակում են հայտարարության հեղինակները: