Կոմիտասի 7, 5-Ա շենքերի բնակիչները հրաժարվել են մասնակցել «Արմենիա» հեռուստաընկերության «Մարդկային գործոն» հաղորդաշարի նկարահանմանը, որը եթերում է լինելու այսօր երեկոյան և որի ընթացքում մասնակիցները քննարկելու են Կոմիտասի 5 հասցեում կառուցապատման հետ կապված խնդիրները: Epress.am-ի հետ զրույցում բնակիչները նշել են, թե մերժել են մասնակցելու հրավերը, քանի որ չեն վստահում մամուլին:
Նշենք, որ բնակիչներից մի քանիսը պնդել են, թե իրենց տեղեկություններով Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը կասեցրել է շինարարությունը՝ այն համարելով ապօրինի: Զրույցից մեկ ժամ անց, սակայն, նրանք զանգահարել են Epress.am-ի թղթակցին ու նշել, որ տեղեկացել են, թե նման որոշում չկա:
Epress.am-ը զրուցել է ռեժիսոր Տիգրան Խզմալյանի հետ, ով այսօր մասնակցել է հաղորդաշարի նկարահանմանը: Նա պատմել է, թե ինքն առավոտյան հանդիպել է բնակիչներին, նրանցից վերցրել բոլոր տարիների դիմումներն, բողոքներն ու փաստաթղթերը և դրանցով զինված գնացել է «Արմենիա» հեռուստատեսություն:
«Փաստաթղթերը վերցրեցի, որ կարողանամ փաստեր ներկայացնել գլխավոր ճարտարապետին ու կառուցապատողին: Ես տեղյակ չեմ, որ այնտեղ պուրակ է կառուցվելու. սա հերթական ստի ու խեղաթյուրման փորձ է: Գլխավոր ճարտարապետի թույլտվությունը առայժմ միայն զրոյական, այսինքն՝ նկուղային հարկի մասին է», – ասել է ռեժիսորը:
Վերջինս մեջբերել է կառավարությանն առընթեր Ճարտապետության պետական կոմիտեի նախագահ, Երևանի նախկին ճարտարապետ Նարեկ Սարգսյանի խոսքը, ով օրեր առաջ լրագրողների հետ զրույցում ասել էր, թե Կոմիտաս 5-ում խնդիր կար ու ինքը թույլտվություն չէր տվել:
«Փաստաթղթերում երևում է, որ մի կողմից իրենք թույլտվություն են տվել, մյուս կողմից՝ պայմաններ դրել: Այստեղ պարզ կոռուպցիայի և անօրինականության հետքեր են երևում ու կառուցապատողը նույնպիսի զոհ է այս համակարգում, ինչպես բնակիչները», -ասել է Խզմալյանը:
Նա վստահեցրել է, որ պատկան մարմինները հերթական սուտն են հորինել՝ բնակիչներին հանգստացնելու համար:
«Վերջին բախումներից՝ (օգոստոսի 24-ի) մի քանի ժամ առաջ փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանն ու Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը 5 օրվա դադար էին հայտարարել, իսկ հետո, երբ բոլորը հավատացել ու գնացել էին իրենց տները, մյուս օրը՝ առավոտյան ժամը 8-ից ծանր տեխնիկան սկսել էր աշխատել: Իրենք են մեղավոր, որ բնակիչներն իրենց չեն վստահում, եթե տարիներ առաջ մարդիկ պատրաստ էին քննարկել 4-5 հարկանի շենքի կառուցումը, ապա այժմ, տեսնելով, որ իրենց անընդհատ խաբում են՝ ոչ մի բանի չեն համաձայնում. այստեղ զարմանալի ոչինչ չկա», – նկատել է ռեժիսորը:
Մեր զրուցակիցը նաև նշել է, որ այս պահին շինաշխատանքները դադարեցված են և քանի դեռ հասարակությունը զգոն է՝ ոչ Կոմիտասի 5-ում, ոչ Փակ շուկայում, ոչ էլ այլ տեղ ապօրինություն թույլ չի տրվելու:
«Մենք գիտենք մեր անելիքը, իրենց անելիքը այս պահին պարզ չէ», -եզրափակել Խզմալյանը: