Home / Հայաստան / Մոսկվան զգուշացրել է՝ ինչ կլինի, եթե Ուկրաինան նախընտրի Եվրոպան

Մոսկվան զգուշացրել է՝ ինչ կլինի, եթե Ուկրաինան նախընտրի Եվրոպան

Մաքսային միությանը և միասնական տնտեսական գոտուն Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ինտեգրման հարցերով ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը պատմել է, թե ինչ է սպասում Ուկրաինային, եթե այն նախընտրի Եվրամիության հետ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը, այլ ոչ թե Ռուսաստանի հետ դաշինքն ու անդամակցությունը Մաքսային միությանը:

«Կոմերսանտի» հետ զրույցում նա հայտարարել է, որ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը «խաչ կքաշի Մաքսային միությանը, Միասնական տնտեսական գոտուն ու Եվրասիական տնտեսական միությանն Ուկրաինայի անդամակցության հնարավորության վրա»: Խորհրդականի խոսքով՝ Ուկրաինան այդ կառույցներում անգամ դիտորդի կարգավիճակի հույս չի կարող ունենալ, քանի որ ԵՄ-ի իրավասության տակ է հանձնում  բոլոր գործառույթները, որ կարող էր պատվիրակել Մաքսային միության մարմիններին: Խոստանալով, որ իր օրենսդրության մեջ համաձայնագրին հակասող փոփոխություններ չի մտցնի, Կիևը պարտավորվում է Բրյուսելի հետ համաձայնեցնել իր օրենքները, նշում է խորհրդականը: «Համաձայնագիր ստորագրելով՝ Ուկրաինան կորցնում է ինքնուրույնությունն ու դադարում է մեզ համար լինել ոչ միայն ռազմավարական, այլ նաև ամբողջական գործընկեր»,- հայտարարել է Սերգեյ Գլազևը:

Նախագահի խորհրդականի կարծիքով՝ համաձայնագիրն «անհամաչափ է». «Եվրամիությունը կստանա ամեն ինչ, իսկ Ուկրաինան՝ այն, ինչ հարմար կգտնի ԵՄ-ն»: Նրա խոսքով՝ փաստաթուղթը միակողմանի կերպով ԵՄ-ի համար բացում է դուռը դեպի ուկրաինական շուկա:

Նա վստահ է, որ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը կխախտի ուկրաինա-ռուսական՝ բարեկամության ու համագործակցության մասին բազային պայմանագիրը, ինչպես նաև լրացումներից կզրկի ԱՊՀ շրջանակներում ազատ առևտրի պայմանագիրը: Այդ պատճառով, Գլազևի խոսքով, Մոսկվայում վերջին բանակցությունների ժամանակ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նախազգուշացրել է իր գործընկերոջը՝ Նիկոլայ Ազարովին, որ Ուկրաինայի՝ ԵՄ-ից ներմուծման տուրքերի զրոյացմանը զուգահեռ, Մաքսային միությունը կմտցնի իր տուրքերը՝ այդ ապրանքները Ուկրաինայից արտահանելու համար:

Սերգեյ Գլազևը վստահ է, որ եթե Ոկրաինան «մնար» Ռուսաստանի հետ, ապա կարող էր գազի գնի լուրջ զեղչի հույս ունենալ: Նրա խոսքով՝ Միասնական տնտեսական գոտու շրջանակներում Ուկրաինան հնարավորություն կունենար գազ ստանալ երկու կամ երեք անգամ ավելի ցածր գնով:

Գազի գնի մատակարարումը Մաքսային միության ներքին գներով և նավթի ու գազի արտահանման տուրքերի վերացումը Կիևին թույլ կտար տարեկան 7-8 միլիարդ դոլարի չափով խնայողություններ ունենալ: Ընդհանուր առմամբ, ըստ կրեմլյան խորհրդականի հաշվարկների, Ուկրաինան, եվրասիական ինտեգրման գործընթացին մասնակցելու դեպքում, կարող էր տարեկան 11-12 միլիարդ դոլար ստանալ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կիևին սպառնացել էր «պաշտպանական միջոցներ» կիրառել, եթե Ուկրաինան առևտրային համաձայնագիր կնքի ԵՄ-ի հետ: Պուտինը հայտարարել էր, որ այդ դեպքում ուկրաինական ապրանքները դուրս կմղվեն հենց ուկրաինական շուկայից, ու այդ պատճառով, Մաքսային միությունը ստիպված կլինի միջոցներ ձեռնարկել:

«Եթե մեր հարևանները Եվրամիության հետ մաքսային ռեժիմն էապես ազատականացնեն, ապա ուկրաինական շուկա անխուսափելիորեն կմտնի ապրանք, որը թե որակապես, թե գնային առումով ավելի լավը կլինի, բայց դա կբերի նրան, որ դրանք ուկրաինական շուկայից դուրս կմղեն հենց ուկրաինական արտադրության ապրանքները: Այդ ժամանակ Մաքսային միության երկրները ստիպված կլինեն մտածել պաշտպանական միջոցների մասին»,- ասել էր Պուտինը: