Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա այցը Մոսկվա նշանակալի է նրանով, որ, փորձագետների գնահատականով, կանցնի ռազմավարական գործընկերների միջև հարաբերությունների վատթարացման ֆոնին, գրում է «Նեզավիսիմայա գազետա» օրաթերթը:
Հայաստանը պատրաստվում է Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը, որը տեղի կունենա նոյեմբերին Լիտվայում կայանալիք «Արևելյան գործընկերություն» գագաթաժողովի ժամանակ: Ռուսաստանը բավական կոշտ կերպով ձևակերպել է նախկին ԽՍՀՄ երկրների հետ համագործակցության պայմանները. նրանք պետք է ընտրություն կատարեն հետխորհրդային տարածքում միության և արևմտյան ինստիտուտների հետ դաշինքի միջև՝ համատեղումն անընդունելի է, նշում է թերթը:
ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա տեղին է համարում: «Նա Մոսկվայում կլինի նաև սեպտեմբերի 17-ին՝ Հայաստանի սահմաններից դուրս ամենախոշոր հայկական առաքելական եկեղեցու բացման հանդիսավոր արարողությանը: Ակնհայտ է, որ այցելությունների ժամանակացույցը կապված է ոչ միայն պաշտոնական կողմի, այլ նաև ռուսաստանցի գործընկերների հետ մի շարք հարցերի խորհրդակցման անհրաժեշտության հետ: Այդ թվում՝ ԵՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի նախնական համաձայնեցումը»,- «ՆԳ»-ին ասել է Կոնստանտին Զատուլինը:
Նրա կարծիքով՝ Հայաստան-ԵՄ ասոցացման ծրագիրը մրցում է հետխորհրդային տարածությունում ինտեգրման ծրագրերի հետ, ու Երևանի՝ Մոսկվայի հետ հարաբերություններում հետևանքները կարող են մոտավորապես լինել այնպիսին, ինչպիսին հիմա Կիևինը: «Ես չեմ կարծում, որ ԵՄ-ի հետ համաձայնագիրը, որը Ռուսաստանի հետ բարդություններ է խոստանում, Հայաստանին կարող է ինչ-որ դրական բան տալ: Սարգսյանի այցը տեղին եմ համարում. նա Պուտինի հետ քննարկելու շատ բան ունի: Չի բացառվում, որ նախագահները կխոսեն այն մասին, թե ինչու Հայաստանը չի հրավիրվում Մաքսային միություն, չէ որ պետության ղեկավարությունն այդ կազմակերպության նկատմամբ հետաքրքրություն էր արտահայտել: Այս ամենը պետք է քննարկել հանգիստ պայմաններում, առանց լարվածության»,- «ՆԳ»-ին ասել է Զատուլինը՝ ընդգծելով, որ հայկական կողմը պետք է իմանա, որ դաշինքների համատեղումն անհնար է: