Յարոսլավլի շրջանային դատարանը օգոստոսի 2-ին որոշում է ընդունել Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության նախկին աշխատակից Իբրահիմ Մուսաևի (լուսանկարում) հանձնման մասին:
Մուսաևը, ով հայտարարել էր, որ Նախիջևանի իշխանությունները զենք են մատակարարում Թուրքիայում քուրդ անջատողականներին, Ադրբեջանում մեղադրվում է խարդախության մեջ: Այս մասին «Կովկասյան հանգույցին» («Кавказский узел») հայտնել է մեղադրյալի փաստաբանը: Մուսաևը պնդում է, որ Ադրբեջանում իր կյանքին վտանգ է սպառնում:
Իբրագիմ Մուսաևը հայտարարել է, որ ունի ապացույցներ, որ Նախիջևանից Թուրքիա պարբերաբար զենք ու ռազմամթերք է տեղափոխվում քուրդ ահաբեկիչների համար, ինչպես նաև Իրանի օգտին լրտեսություն կատարելու մեջ կասկածվող Տուրաչ Զեյնալովի սպանության վերաբերյալ:
Փաստորեն, Մուսաևը հաստատել է 31-ամյա Զեյնալովի հարազատների վարկածը, ովքեր պնդում են, որ նա ձերբակալվել էր 2011 թվականի օգոստոսի 24-ին պետական դավաճանության մեղադրանքով ու մահացել չորս օր անց՝ Ազգային անվտանգության նախարարությունում ենթարկված խոշտանգումների հետևանքով: Մուսաևը հայտարարել է, որ Զեյնալովին խոշտանգումների են ենթարկել այդ թվում՝ հատուկ էլեկտրական սարքի միջոցով, որը կիրառում են բանտարկյալների նկատմամբ: Նրա խոսքով՝ Զեյնալովի սպանության մասին հրամանը եկել էր Բաքվից:
«Վզին հանգույց են հագցնում, ոտքերը կապում են ամբարձչից, ու վիզը բառացիորեն պոկում են՝ լարվածության միջոցով: Դա տեղի է ունեցել օգոստոսի 27-ին»,- հայտնել է Մուսաևը: Այնուհետև, բռնության հետքերը վերացնելու համար, դիակի գլուխը վերքի ուղղությամբ կտրել են ու նորից կարել՝ հետագայում վկայակոչելով «դիահերձող բժշկի աշխատանքը»: Զեյնալովի հարազատներին 50 հազար մանաթ էին առաջարկել, որպեսզի աղմուկ չբարձրացնեն:
Մուսաևի խոսքով՝ նախարարությունում իրեն հանձնարարել էին արատավորել Զեյնալովի կնոջ անունը, ինչը նա արել էր՝ կնոջ հետ սիրային կապի մեջ մտնելով: Դրանից հետո երիտասարդ կնոջը շանտաժի միջոցով ստիպել են ասել, որ ամուսինը քաղցկեղով հիվանդ էր և հենց դրանից էլ մահացել էր: Սակայն որոշ ժամանակ անց կինը զանգահարել էր ԱԱՆ ղեկավար Վալի Ասկերովին ու ասել, որ իր «գլխին սարքել էր» նախարարության աշխատակիցը և նա լրագրողներին ու իրավապաշտպաններին կպատմի ողջ ճշմարտությունը: Այդ ժամանակ Մուսաևին հրամայեցին սպանել Զեյնալովի այրուն, բայց նա հրաժարվեց ու փախավ երկրից:
Ինքը՝ Իբրահիմ Մուսաևը, հայտարարել է, որ Ադրբեջանում անհիմն միջազգային հետախուզման մեջ է գտնվում ու վստահ է, որ հայրենիքում իրեն ուզում են սպանել: Նա պնդում է, որ Ադրբեջանից Ռուսաստան է մեկնել 2012 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Նախիջևանի ու Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունների հանձնարարությամբ: «Չեմ ասի՝ ինչ նպատակով: Հետո նրանք այնպես արեցին, որ 10 օր անց այստեղ գա նաև կինս: Երբ կինս եկավ, ես խզեցի բոլոր կապերը ԱԱՆ-ի հետ: Այդ ժամանակ իմ նկատմամբ հետախուզում հայտարարվեց»,- պատմել է Իբրահիմ Մուսաևը:
Նրա խոսքով՝ մինչև 2012 թվականի դեկտեմբեր ինքն ընտանիքի հետ ապրել է Յարոսլավլում, հետո հասկացել է, որ իրեն ու իր հարազատներին հետևում են անհայտ անձինք: «Մենք որոշեցինք դիմել Մոսկվայում «Քաղաքացիական աջակցությանը»՝ փախստականի կարգավիճակ ստանալու նպատակով: Սկսեցինք պատրաստել փաստաթղթերը, ու ինձ տվեցին Ռուսաստանում փախստականի կարգավիճակ ստանալու մասին միջնորդության վկայական: Դա 2012-ի հունվարն էր»,- պատմել է Մուսաևը:
Նա ռուսական միգրացիոն ծառայության աշխատակիցներին հայտնել է, որ վախենում է իր կյանքի համար. «Ինձ փնտրում են ադրբեջանական հատուկ ծառայությունները, որպեսզի ուղարկեն Ադրբեջան ու անեն այն, ինչ արեցին մյուսների հետ, որպեսզի ստիպեն լռել՝ սպանեն»:
Մուսաևի կարծիքով՝ իրեն անհրաժեշտ աջակցությունն ինքը Ռուսաստանում չի կարող ստանալ, այդ պատճռով ուզում է մեկնել երրորդ երկիր, որտեղ իր համար անվտանգություն կապահովեն ու չեն հանձնի Ադրբեջանին:
Բանտում Մուսաևի նկատմամբ կոպիտ վերաբերմունք են ցուցաբերել, իսկ երբ դուրս է եկել, բերման են ենթարկել միգրացիոն ծառայության աշխատակիցներն ու արձանագրել, որ մայիս ամսից նա անօրինական կերպով գտնվել է Ռուսաստանի տարածքում, չունի գրանցում և ենթակա է հանձնման: «Ես պատասխանեցի, որ մայիս ամսից բանտում եմ եղել, ու իմ գրանցումը այնտեղ պետք է լինի»,- ասել է Իբրահիմ Մուսաևը:
Նա նաև պնդում է, որ Ադրբեջանից տեղեկություն է ստացել այն մասին, որ պետության հատուկ ծառայությունները ճնշում են գործադրում իր հարազատների նկատմամաբ. «Քանդել են եղբորս խանութը, բերման են ենթարկում ու կալանքի տակ պահում մինչև 10 օր: Աշխատողներին էլ ազատել են աշխատանքից»: