ԱԺ դաշնակցական պատգամավոր Վահան Հովհաննիսյանը մեկ տարի առաջ սկսել էր գերմաներեն պարապել։ Այս մասին, իր աղբյուրների վրա հղում կատարելով, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ անդրադառնալով այն տեղեկությանը, համաձայն որի Հովհաննիսյանը Գերմանիայում դեսպան է նշանակվելու: ՀՅԴ-ական պատգամավորն այդ լուրերին չի արձագանքում:
«Հարցին, թե անգլերեն գիտես, գերմաներենն ինչիդ է պետք, նա արձագանքել է՝ լեզու է, էլի։ Նույն աղբյուրները հայտնում են, որ նա իր կուսակիցներից գաղտնի է պահել, որ դեսպան է նշանակվելու և հիմա շատերը ՀՅԴ-ում ցնցված են այդ նորությունից։ Ըստ լուրերի՝ դիպկորպուսում պաշտոն է ստանալու նաև մեկ այլ ՀՅԴ-ական ԱԺ նախկին պատգամավոր Հրայր Կարապետյանը, ով նշանակվելու է Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոս», – գրում է «ՀԺ»-ն:
Նշենք, որ ՀՅԴ-ն Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններից է: