Գուբեռնատորի կարգավիճակ ինքնակոչ ստանձնած Սերժ Սարգսյանը պետք է հեռանա: Այս մասին ասված է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի տարածած հայտարարության մեջ:
«Հակապետական հայտնի արձանագրություններից, կազմակերպված հանցագործությամբ գողացված ընտրություններից, հակաքաղաքացիական շարունակվող բռնաճնշումներից, իսկ հիմա էլ Կրեմլում մեր Հանրապետության ինքնիշխանության դեմ միանձնյա արձակած որոշումից հետո՝ Հայաստանի սահմանադրությունն ու ազգային շահը ստեղծված արտակարգ դրությունից այլ ելք չեն հանդուրժում:
Թող Արևելքը շատ չոգևորվի, ոչ էլ Արևմուտքն անտեղի բողոքի. մեղսակից են բոլորն էլ», – նշել է «Ժառանգության» ղեկավարը:
Նա նշում է, որ այս պահին անհրաժեշտ է, որ գիտակից բոլոր քաղաքացիներն ու ուժերը՝ Հայրենիքում և Սփյուռքում, հաղթահարեն սեփական վիճակն ու փոխադարձ մեղադրանքը և, վերջապես, սահմանադրական կարգի հաստատման վճռականությամբ կազմեն Համազգային միացյալ ճակատ:
«Երկրի ու ժողովրդի արժանապատիվ կյանքի և համբերության հնարավոր բոլոր պաշարներն արդեն սպառվել են:
Հանուն Հայաստանի ու մեր ապագայի, մեր անկախության, արդարության և ազգային անվտանգության՝ նա պետք է ազատի իր գրաված աթոռը», – հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը: