Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշումը չպետք է խոչընդոտ լինի Հայաստանի՝ Եվրոպական ուղղությամբ աշխատանքների շարունակման և ծավալման, հատկապես՝ Եվրամիության հետ հասարակական-քաղաքական ինտեգրման գործընթացներին: Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանը միանալու մասին հայտարարությանն անդրադառնալով՝ նման կարծիք է տարածել Հայ հեղափոխական դաշնակությունը:
Ըստ ՀՅԴ հաղորդագրության՝ ՀՀ նախագահի Մոսկվայում անակնկալ որոշման գլխավոր պատճառը ՀՀ և ԼՂՀ անվտանգության խնդիրներն են եղել։
«Մեր պարագայում, ցանկացած տնտեսական ինտեգրում պետք է հստակ երաշխիքներ տա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների անվտանգության պահպանման ու ամրապնդման և տնտեսական համարկման և զարգացման համար։ Մաքսային միությանը մաս կազմելու խնդիրը ևս պետք է պայմանավորել այս հիմնական սկզբունքներով: Մոսկվայում կայացված այդ որոշումը չի կարող օրակարգից հանել երկրի ներսում համակարգային բարեփոխումներ իրականացնելու, համատեղ ուժերով ազգային, ժողովրդավար, արդար պետություն ստեղծելու անհրաժեշտությունը: Հայաստանի իշխանություններից պահանջում ենք երկրի համար նման ճակատագրական որոշումներ կայացնելիս տեղեկացնել հասարակությանն ու որոշման մասնակից դարձնել քաղաքական ուժերին: Այժմ, երբ նախատեսվում է սկսել Մաքսային միությանը մաս կազմելու գործընթաց, անհրաժեշտ է հարգել այս գործելաոճը»,- ասված է հայտարարության մեջ:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, իր հերթին, հայտնում է, որ Մաքսային միությանը և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացներին մասնակցելը իրական սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անկախությանն ու ինքնիշխանությանը։
«Մաքսային միություն մուտք գործելով՝ Հայաստանի Հանրապետությունը կորցնում է անկախության այնպիսի կարևորագույն ատրիբուտներ, ինչպիսիք են անկախ արտաքին քաղաքականություն և ինքնուրույն ֆինանսատնտեսական գործառույթ իրականացնելու հնարավորությունը։ Մաքսային և Եվրասիական միությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ Ռուսաստանի կայսերապաշտական հավակնությունների իրականացում և նախկին հետխորհրդային երկրներին ինքնիշխանությունից զրկելուն ուղղված քայլ: Մենք անընդունելի ենք համարում այս քայլը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտնագությամբ քողարկելու միտումները, քանզի ավելի մեծ հարված ՀՀ և ԼՂՀ անվտանգությանը, քան Հայաստանի պետականության և ինքնիշխանության հիմքերի թուլացումն է, հնարավոր չէ պատկերացնել», – նշում են հայտարարության հեղինակները։