Այսօր՝ ժամը 17:10-ի սահմաններում, Արաբկիրի ոստիկանական բաժնից ազատ են արձակվել նախագահական նստավայրի մոտից բերման ենթարկված քաղաքացիները, իսկ այդ ընթացքում նույն ոստիկանության բաժանմունքի բակից բերման է ենթարկվել լրագրող, ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը: Այս մասին Epress.am-ի թղթակցին փոխանցել է ակցիայի մասնակից, բերման ենթարկված Լուսինե Հովսեփյանը:
Նշենք, որ Կիվիրյանը մի խումբ քաղաքացիների հետ Արաբկիրի ոստիկանության շենքի մոտ է գնացել բերման ենթարկվածներին ազատ արձակելու պահանջով:
«Մոտ 10 ոստիկան մոտեցան բակում հավաքվածներին, որոնց մեջ էր Արգիշտի Կիվիրյանը, չներկայացան ու պահանջեցին, որ իրենց հետ բաժին գնալ: Վերջինս հրաժարվեց բաժին գնալ ու ծանուցագիր պահանջեց: Քիչ անց ոստիկանները վերադարձան ու ներկայացրին ծանուցագրիրը, որի վրա գրված էր, թե Կիվիրյանը պետք է ներկայանար 17:00-ին: Բնականաբար, Կիվիրյանը մերժեց նրանց, քանի որ հետին ժամանակով էր ծանուցագիրը, ինչից հետո ոստիկանները ուժով նրան շենք մտցրեցին», – ասել է Հովսեփյանը:
Նա նաև ընդգծել է, որ իրենք սպասելու են ոստիկանության բաժանմունքի բակում մինչև Կիվիրյանին ազատ արձակեն: