Սիսիանի քաղաքապետարանում չարաշահումներ են հայտնաբերվել՝ հողային օրենսդրության կիրառման, հողատարածքների օտարման գործընթացում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության կայքը:
Համաձայն պաշտոնական հաղորդագրության, քաղաքապետարանում վարչական հսկողության արդյունքների մասին ՀՀ Սյունիքի մարզպետի հաղորդման հիման վրա մարզի դատախազը նյութեր է նախապատրաստել: Դրանց համաձայն, Սիսիանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, խախտելով գնումների մասին օրենսդրության պահանջները, ձեռք են բերել շարժական գույք, հողային օրենսդրության պահանջների խախտմամբ և կեղծ տեղեկությունների հիման վրա՝ օտարել հողատարածք, կառուցապատման նպատակով տարբեր քաղաքացիների օտարել քաղաքի գլխավոր հատակագծով օտարման ոչ ենթակա հողամասեր: Պաշտոնյաների անունները դատախազության հաղորդագրության մեջ չեն նշվում:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի (պաշտոնական կեղծիք) հատկանիշներով: Նախաքննությունն իրականացնում է ոստիկանության Սյունիքի քննչական բաժինը։
Լուսանկարը՝ www.syuniacyerkir.am