Home / Հայաստան / Վահան Հովհաննիսյանն իրեն դեսպան նշանակելու մեջ արտառոց բան չի տեսնում

Վահան Հովհաննիսյանն իրեն դեսպան նշանակելու մեջ արտառոց բան չի տեսնում

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը ստացել է Հայաստանն արտասահմանում ներկայացնելու առաջարկ: Այս մասին նա հայտարարել է yerkir.am կայքի հետ զրույցում՝ մեկնաբանելով մամուլում տարածված այն լուրերը, թե ինքը նշանակվելու է Գերմանիայում Հայաստանի դեսպան:

«Առաջարկն ուղղված է ինձ անձնապես, ոչ թե Հայ Յեղափոխական Դաշնակցությանը: Սա կուսակցության հետ համագործակցելու կամ ինչ-որ նոր դաշինք կազմելու առաջարկ չէ: Կրկնում եմ՝ առաջարկն արված է ինձ անձնապես, և իմ կողմից եղել է ընդունելի: Բնականաբար, սակայն, հարցը ներկայացրել եմ կուսակցությանը, և կուսակցությունը ևս տվել է իր համաձայնությունը», – ասել է Հովհաննիսյանը:

ՀՅԴ-ականն ընդգծել է, որ իր համար նման առաջարկության մեջ արտառոց որևէ բան չկա, քանի որ վերջին երեք տարիներին ինքն արդեն իսկ աշխատում է արտաքին հարաբերությունների ասպարեզում` մինչև վերջերս ղեկավարելով Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը Եվրանեսթ Պառլամենտական վեհաժողովում:

«Ես նախկինում էլ ակտիվորեն ներգրավված եմ եղել խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում` 2000-ականների սկզբին դառնալով ՆԱՏՕ-ի ԽՎ-ում առաջին պատվիրակության ղեկավարը, հետագայում ղեկավարելով մեր պատվիրակությունը ԵԱՀԿ ԽՎ-ում և հանդիսանալով հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ: Սակայն շեշտում եմ հատկապես վերջին երեք տարիները, քանի որ Հայաստանի եվրաինտեգրացման քաղաքականության պայմաններում Եվրանեսթի աշխատանքը դարձել է ամենօրյա լիարժեք դիվանագիտական աշխատանք: Սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե խորհրդարանական դիվանագիտությունը տրամագծորեն  տարբերվում է պաշտոնական դիվանագիտությունից», – մասնավորապես, ասել է Վահան Հովհաննիսյանը: 

Նշենք, որ ՀՅԴ-ն Ազգային ժողովում ընդդիմադիր խմբակցություններից մեկն է: