Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամագրվելու մասին հայատարությունը հակասահմանադրական է, քանի որ որևէ մեկը իրավունք չունի առանց հանրության կարծիքը հաշվի առնելու որևէ միության մեջ մտցնել Հայաստանը:
«Սերժ Սարգսյանը չի ներկայացնում լեգիտիմորեն ընտրված իշխանությունը, նրա վրա ճնշում են գործադրում, նեղ կացության մեջ դնում, և թելադրում են, ստիպում են այս կամ այն անել»,- այսօր ՀՀ նախագահի նստավայրի մոտ կայացած ակցիայի ժամանակ ասել է Բարսեղյանը:
Նրա կարծիքով՝ Սարգսյանը ստել է՝ ասելով, որ Մաքսային միությանն անդամագրվելը Հայաստանի քաղաքացիների ցանկությունն է:
«Ինքը հանրությանը չի ասել իր դիրքորոշունը՝ մյուս կողմից Մոսկվայում հայտարարելով, որ Հայաստանի հանրությունը ցանկանում է Մաքսային միությանը միանալ: Նա չուներ ոչ մի ապացույց, ոչ մի հանրաքվերի արդյունքեր ձեռքի տակ: Եթե ունենար, 70 հեռուստատեսություն ունի, կկանչեր, կասեր՝ գնում եմ Մոսկվա այսինչ հարցով»,- ասել է Բարսեղյանը: