Պաշտոնական Երևանի իրարամերժ, փոփոխական, անսկզբունքային և անհետևողական հայտարարությունների և քայլերի պատճառով Հայաստանը հայտնվել է ծայրահեղ նվաստացուցիչ վիճակում և ոչնչացրել է միջազգային ասպարեզում (հավասարապես թե Ռուսաստանում, թե Արևմուտքում) վստահելի և կանխատեսելի գործըներոջ վարկը, առաջացնելով աննախադեպ սպառնալիքներ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության համակարգի համար: Այս մասին ասված է Հայ ազգային կոնգրեսի հայտարարության մեջ, որում ՀԱԿ-ն անդրադառնում է Մաքսային միության մաս կազմելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությանը:
«Վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները ընդունել են մի քանի որոշումներ, որոնք առնչվում են Եվրոպական Միության հետ Ասոցացման ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրերին, ինչպես նաև Մաքսային և Եվրասիական միություններին Հայաստանի միանալու վերաբերյալ:
Հայաստանի համար ճակատագրական այս հարցերի շուրջ բանակցությունների ամբողջ գործընթացը չի եղել թափանցիկ, համաձայնությունների և պայմանագրերի էությունը և հիմնավորումները գաղտնի են պահվել և չեն քննարկվել Հայաստանի քաղաքական ուժերի, հասարակայնության հետ ոչ՛ Ազգային Ժողովում, ոչ՛ հանրային բանավեճի որևէ այլ ձևաչափում, և Սերժ Սարգսյանի կողմից կայացվել են ստվերային քաղաքական առևտրի և խաղադրույքների վրա հիմնված միանձնյա որոշումներ:
Ոչ հրապարակային, կամայական և ոչ-կոմպետենտ այս քաղաքականության հետևանքով Եվրոպական Միության և Ռւսաստանի Դաշնության հետ Հայաստանի հարաբերություններում առաջացել է անվստահություն և լարվածություն, և նրանց հետ ինտեգրացիոն գործընթացները համագործակցության դաշտից տեղափոխվել են Հայաստանի համար Արևմուտքի և Ռուսաստանի միջև առճակատային մրցակցության և երկրի նկատմամբ բանեցվող ճնշումների դաշտ:
Պաշտոնական Երևանի իրարամերժ, փոփոխական, անսկզբունքային և անհետևողական հայտարարությունների և քայլերի պատճառով Հայաստանը հայտնվել է ծայրահեղ նվաստացուցիչ վիճակում և ոչնչացրել է միջազգային ասպարեզում (հավասարապես թե Ռուսաստանում, թե Արևմուտքում)
վստահելի և կանխատեսելի գործըներոջ վարկը, առաջացնելով աննախադեպ սպառնալիքներ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության համակարգի համար:
Կատարվածի մեջ բացարձակապես չպետք է մեղադրել ոչ Եվրոպական Միությանը, ոչ էլ Ռուսաստանին: Եթե պետք է մեղավոր փնտրել, ապա դա ոչ այլ ոք է, քան Սերժ Սարգսյանը և նրա ավազակապետական ռեժիմը, որն այդպես էլ չհասկացավ քաղաքականության և կազինոյի տարբերությունը», – ասված է ՀԱԿ հայտարարության մեջ:
Հայտարարության հեղինակները նշում են, որ Հայ Ազգային Կոնգրեսը շարունակում է մնալ հավասարակշռված արտաքին քաղաքականության և փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների կողմնակից, և վստահ է, որ Հայաստանի միջազգային վարկի վերականգնումը և բազմակողմանի ինտեգրացիոն գործընթացների շարունակականությունն անհնարին է Սերժ Սարգսյանի ռեժիմի գոյության պահպանման պայմաններում և կոչ է անում Հայաստանի քաղաքացիներին միավորվել ոչ օրինակարգ իշխանության հեռացման և ազգային շահերը պաշտպանող իշխանության ձևավորման նպատակի շուրջ, ինչը վստահաբար դրական ազդեցություն կունենա ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրոպական միության հետ հարաբերությունների որակի վրա: