«Արմեն Չախալյանի պաշտպանության կոմիտե» նախաձեռնությունը պահանջում է անհապաղ ազատ արձակել 2013թ. հունիսի 28-ին Նինոծմինդայի շրջանի Գոնդուրա գյուղում տեղի ունեցած միջադեպի ժամանակ հատուկ ջոկատայինների կողմից ձերբակալված ջավախքահայ գործիչ Վահագն Չախալյանի եղբորը՝ Արմեն Չախալյանին:
Հունիսի 30-ին Արմեն Չախալյանին մեղադրանք էր առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածով (խուլիգանություն): Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել էր կալանքը:
«Արմեն Չախալյանի պաշտպանության կոմիտե»-ն նշում է, որ գործով դատավարությունը մեկնարկել է օգոստոսի 9-ին, իսկ առաջին նիստին պաշտպանող կողմի ներկայացված բոլոր հիմնավոր և արդարացի միջնորդությունները դատարանի կողմից մերժվել են, և Արմեն Չախալյանը թողնվել է կալանքի տակ:
«Օգոստոսի 9-ի դատական նիստից հետո օգոստոսի 20-ի, օգոստոսի 27-ի և սեպտեմբերի 3-ի դատական նիստերն ըստ էության չկայացան՝ դատախազության միջնորդությամբ: Դատավարության անհարկի ձգձգումների պատճառով Արմեն Չախալյանի առողջությունը զգալիորեն վատթարացել է:
Զուտ այն հանգամանքը, որ հունիսի 28-ի միջադեպի շուրջ 200 մասնակիցներից և ներկաներից այսօր կալանքի տակ է գտնվում միայն Արմեն Չախալյանը, վկայում է այն մասին, որ մենք գործ ունենք ակնհայտ քաղաքական ենթատեքստ պարունակող թիրախային գործողության հետ։
Վերոնշյալ փաստերը հիմք են տալիս պնդելու, որ Արմեն Չախալյանի գործը շինծու է, իսկ նրա դատավարության շուրջ ընթացող զարգացումները բացահայտ անօրինական են, դրանք ուղղակի հակասում են իշխանափոխությունից հետո Վրաստանում և նրա հայաբնակ շրջաններում ժողովրդավարության հաստատման, օրենքի և արդարության վերականգնման գործընթացի տրամաբանությանը։
Արմեն Չախալյանի պաշտպանության կոմիտեն, արտահայտելով այս հարցում ամբողջ ջավախքահայության դիրքորոշումը, կոչ է անում Վրաստանի կառավարությանը դրսևորել անհրաժեշտ քաղաքական կամք և վճռականություն` Արմեն Չախալյանի դեմ հարուցված շինծու գործը կարճելու, ինչպես նաև Սամցխե-Ջավախքում Սաակաշվիլու–Մերաբիշվիլու ոստիկանական ռեժիմի մնացուկները վերացնելու ուղղությամբ», – ասված է նախաձեռնության հայտարարության մեջ։