Կառավարության շենքի մոտ ամեն հինգշաբթի բողոքի ակցիա անցկացնող բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրեր Գոհար Սարգսյանին, Նանա Մուրադյանին, Իրինա Ղազարյանին ու Անահիտ Մկրտչյանին այսօր զարմացրել է այն հանգամանքը, որ իրենցից մոտ 30 մետր հեռավորության վրա հավաքված են եղել այլ սևազգեստ կանայք:
Մոտ երկու տասնյակ կանայք, ում որդիները նույնպես մահացել են խաղաղ պայմաններում, չեն միացել կառավարության մոտ մշտապես բողոքող մայրերի քառյակին:
Epress.am-ի թղթակիցը փորձել է պարզել՝ արդյո՞ք կանայք հավաքվել են բողոքի ակցիա անցկացնելու նպատակով: Հավաքվածներից մեկը, ով չի ներկայացել, ասել է, թե ժամանակին իրենք էլ են պայքարել ու իրենց հավաքը ուրիշ նպատակ ունի:
«Չէ, ազիզ ջան, տեղ ենք գնում, ուղղակի ստեղ էր հարմար հավաքվելը», – ասել է մոտ 60 տարեկան մի կին, ինչը հաստատել են նաև մնացածները:
Ավելի ուշ մեկ այլ լրագրողի կանայք ասել են, թե եկել են ՊՆ նախարար Սեյրան Օհանյանին հանդիպելու:
Մեր թղթակիցը զրուցել է մուտքի մոտ բողոքող մայրերի հետ, որոնց տարօրինակ է թվացել խմբված կանանց պահվածքը:
«Եթե բողոքում ենք, ուրեմն պետք է միավորված անենք, որ վերևից նայող Սեյրան Օհանյանն էլ հասկանա, թե սևազգեստ մայրերի ինչ մեծ խումբ է սպասում, ու պարտավորված լինի իջնել», -ասել է Գոհար Սարգսյանը:
Անահիտ Մկրտչյանն էլ նշել է, թե այդ կանայք նախարարի «դուդուկի տակ» պարողներն են, ու զարմանալի չէ, որ չեն միանում ամեն հինգշաբթի բողոքող մայրերին:
«Ժամանակին ես էլ էի միացել իրենց՝ երկու կազմակերպություն փոխեցի, երբ հասկացա, որ պայքար չկա, ուղղակի ձև է», – ասել է մեր զրուցակիցը:
Մայրերից Նանա Մուրադյանն էլ ընդգծել է, թե զավակ կորցրած ծնողի վիշտը չի կարող տարբեր լինել, բոլորն էլ նույն զգացողություններն են ունենում, եթե, իհարկե, զավակի արյունը ծնողը խոստումների հետ չի փոխում կամ պայքարը այլ նպատակ չի հետապնդում:
Նշենք, որ սևազգեստ մայրերի ավելի մեծ խումբը առանց նախարարին հանդիպելու հեռացել է ակցիայի վայրից: