Սեպտեմբերի 12-ին նախատեսված է Եվրամիության Հարևանության և ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի այցը Հայաստան, ով վերջին շտկումները պիտի անի ԵՄ Ասոցացման համաձայնագրում: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Թերթի թղթակցի հարցին՝ ճի՞շտ է, որ սեպտեմբերի 12-ին նախատեսված է Ֆյուլեի այցը և արդյո՞ք այն կկայանա Մաքսային միություն մտնելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունից հետո, ԵՄ հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Անահիտ Ազատյանը պատասխանել է.
«Շտեֆան Ֆյուլեն այցելելու է Հայաստան սեպտեմբերի 12-13-ին՝ մասնակցելու Արևելյան գործընկերության անդամ երկրների նախարարական 3-րդ ոչ պաշտոնական երկխոսությանը Երևանում»:
Ֆյուլեի մամուլի խոսնակ Փեթեր Սթենոնը թերթի թղթակցի հետ զրույցում նույնպես հաստատել է, որ Ֆյուլեն ՀՀ-ում կլինի սեպտեմբերի 12-ին:
«ՀԺ»-ն գրում է, որ մինչ այդ ԵՄ տարբեր պաշտոնյաներ փորձում են բացատրություններ ստանալ Մաքսային միություն մտնելու Հայաստանի որոշման կապակցությամբ: Այդ նպատակով այսօր Բրյուսել են մեկնելու ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը և ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: