«Լարկո Գրուպ» ընկերությունը վաղվանից Սայաթ-Նովա 10, 12 շենքերի բակում սկսելու է շինարարական աշխատանքները: Այս մասին Еpress.am-ի թղթակցին պատմել են տարածքի բնակիչները, ովքեր վերջին շաբաթների ընթացքում բողոքի ակցիաներ են անցկացնում շինարարության դեմ: Նրանց խոսքով՝ նորակառույց շենքը զբաղեցնելու է կաթսայատան տարածքը, փակելու է բակի ճանապարհը և հարակից շենքերի լուսավորությունը:
Բնակիչները նաև նշել են, որ շինարարությունը սկսելու մասին իրենց զգուշացրել են բակ այցելած կառուցապատող ընկերության տնօրենի Գագիկ Հախվերդյանի «խարոշի» ընկերները:
«Մեզ ասում են՝ «մենք գալիս ենք, մեր դեմ խաղ չկա՝ միլիոն ենք տվել, որ դատարկ նստե՞նք»: Կարեն անունով ներկայացած «լավ ախպերներից» մեկն էլ բնակիչներին ասում էր՝ «դուք էնքան նախանձ եք, որ չեք թողնում մարդը շենք շարի: Իմացեք, որ 2 օրից գալու ենք մեր շենքը շարենք», – պատմել է Սայաթ-Նովա 12 հասցեում բնակվող Սոնա Պետրոսյանը:
Նա նաև նշել է, որ բնակիչների ահազանգով այսօր բակ է այցելել Արտակարգ իրավիճակների սեյսմիկ ծառայության խումբը և տեղում ուսումնասիրություններ անելուց հետո բնակիչներին տեղեկացրել, որ ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ այդ տարածքում շինարարություն իրականացնել:
«Անունը չեմ հիշում, բայց ասաց, որ հրդեհի կամ ցանկացած անհրաժեշտության դեպքում մեքենայի ճանապարհ չի լինելու, ինչը անթույլատրելի է», – պատմել է Պետրոսյանը:
Վերջինս շեշտել է, որ կառուցապատողի հրահանգով գրեթե ամեն օր զանազան միջոցներով փորձում են շանտաժի ենթարկել շինարարության դեմ պայքարող առավել ակտիվ բնակիչներին:
«Երեկ թաղայինն եկել էր ու սկեսուրիս՝ Հռիփսիմե Պետրոսյանին, հրավիրում էր բաժին, պատճառաբանելով, թե՝ «դուք խոչընդոտում եք շինաշխատանքները, դրա համար պիտի բաժնում ստորագրություն տաք, որ այլևս չեք մասնակցի բողոքի ակցիաներին»: Բնականաբար, մենք հրաժարվեցինք գնալ, փոխարենը՝ բողոք գրեցինք իրենց վրա»: Մենք շարունակելու ենք պայքարը», – ասել է մեր զրուցակիցը:
Նրա խոսքով՝ երեկ իր սկեսուրը օգնության խնդրանքով դիմել է Ա-Թի-Վի հեռուստաընկերության «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարին ու շատ զարմանալի պատասխան է ստացել:
«Ասացի՝ ինչ կլինի, բոլորին ընդառաջում եք, մեզ էլ օգնեք, օպերատոր աղջիկն էլ ասաց, թե՝ «ուզեցել ենք ձեզ օգնել, բայց երբ դիմեցինք քաղաքապետարան, մեզ ասացին, թե՝ գործ չունեք, մի խառնվեք, բոլոր կաթսայատները ենթարկվում են քաղաքապետարանին ու մենք գիտենք՝ ինչ ենք անում», – եզրափակել է Պետրոսյանը:
Բակի բնակիչուհիներից մեկն էլ խնդրել է չնշել իր անունը, սակայն տեղեկացրել է, որ ակնհայտ ճնշումների միջոցով ու ամեն գնով կառուցապատողը փորձում է սկսել շինաշխատանքները:
«Որդուս ազատեցին աշխատանքից միայն նրա համար, որ բողոքողների մեջ էր եղել: Մեկ տարի աշխատել էր մի ընկերությունում, սակայն կադրերում մեկ անգամ երևալուց հետո տնօրենը զանգահարել ու ասել էր, թե՝ «կներեք, դուք չեք կարող աշխատել մեր ընկերությունում», – եզրափակել է մեր զրուցակիցը: