Վերջերս ԱԱԾ-ից դուրս գործող գաղտնալսումներ իրականացնող մի մարմին է հայտնաբերվել, որի հետևում կանգնած է մի այլընտրանքային խոշոր օլիգարխ: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Թերթը նշում է, որ ցանցի գործունեության մեջ ներգրավված են եղել ԱԱԾ նախկին և ներկա աշխատակիցներ, ավելին՝ ԱԱԾ-ի կողմից պետպատվերով գնված որոշ թանկարժեք և հզոր գաղտնալսող սարքավորումներ հայտնվել են նշված ոչ պետական մարմնի տրամադրության տակ:
«ՀԺ»-ի նույն աղբյուրները հայտնում են, որ այս գործի շրջանակներում այժմ երեք հոգի պահվում են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում (ԿԳԲ-ի «պադվալում»): Նրանցից ցուցմունքներ են վերցված, սակայն քրեական գործ պաշտոնապես հարուցված չէ և որևէ ձևով արձանագրված չէ, որ վերոնշյալ երեք հոգին այժմ գտնվում են ԱԱԾ-ում։ Գործն ամբողջությամբ պատրաստ է և կարող է ցանկացած պահի ընթացք ստանալ:
Թերթի թղթակիցը երեկ խնդրի առնչությամբ դիմել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Ռոմիկ Հարությունյանին, ով նշել է, որ տեղյակ չէ, թե այդ գործով երեք մարդ ԱԱԾ-ում են պահվում և այլ հարցերի հրաժարվել է պատասխանել: