Home / Տեսանյութեր / Ծեծված ակտիվիստին վիրահատում են. նրա ընկերոջը գիշերը դուրս են գրել

Ծեծված ակտիվիստին վիրահատում են. նրա ընկերոջը գիշերը դուրս են գրել

Երեկ երեկոյան անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկված ատիվիստներից Հայկակ Արշամյանի վիճակը բավարար է, նրան գիշերը՝ 02.00-ի սահմաններում տեղափոխել են տուն, իսկ Սուրեն Սաղաթելյանին (լուսանկարում) այս պահին վիրահատում են: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Հայկակ Արշամյանը: Նա ևս պետք է գնա հիվանդանոց՝ վիրակապերը փոխելու: Արշամյանի այտը կարել են: Այտի վնասվածքը լուրջ է եղել, քանի որ հարձակվողները խփել են կաստետով: Տուժածը ունի վնասվածքներ ձեռքերին ու ոտքերին ևս:

Այս պահին Սուրեն Սաղաթելյանը քթի վիրահատության է ենթարկվում Առաջին հիվանդանոցի դիմածնոտային բաժանմունքում: Նա ստացել է  ուղեղի ցնցում, մատի և քթի ջարդվածք, գլխի մաշկի պատռվածք՝ կաստետով հարվածի հետևանքով:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ակտիվիստների վրա հարձակվել է 6-7 մարդ, ովքեր  մեքենայով հետևել են նրանց մինչև տան բակը, որտեղ էլ ծեծել են, երբ ակտիվիստներն իջել են մեքենայից: 

Դեպքի մասին քիչ առաջ հայտարարություն է տարածել Ոստիկանությունը: Ըստ հաղորդագրության՝ դեպքի առթիվ կատարվում է հետաքննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: