Հուլիսի 25-ին ՀՀ կառավարությունը որոշմամբ առողջապահության նախարարության Հիգիենիկ և համաճարակային պետական տեսչությունը միավորել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի պետական տեսչության հետ։ Նոր կառույցը կոչվելու է ՀՀ առողջապահական պետական տեսչություն, որի կառավարումը կիրականացնի առողջապահության նախարարը։ «Հրապարակ» օրաթերթը գրում է, որ սա տեսչությունների խոշորացման ծրագրի մի մասն է, որը լուրջ դժգոհությունների տեղիք է տվել, քանի որ կրճատումներ են սպասվում։ 2 համակարգերի աշխատակիցները չեն հասկանում, թե ինչ կապ ունեն այս 2 տեսչություններն իրար հետ, չէ՞ որ իրականացնում են խիստ տարբեր գործառույթներ։
Թերթը նշում է, որ աշխատանքի տեսչությունում, մասնավորապես, կարծում են, որ սրանով լուծարվում է տեսչությունը, որը միակ հիմնարկն էր, որ զբաղված էր «հասարակ աշխատողի շահերը պաշտպանելով»։ Մինչդեռ տեսչության գործառույթներն ամրագրված էին միջազգային կոնվենցիաներով։ Տեսուչները կարծում են, որ կառույցը խանգարում էր գործատուներին, որոնց մեջ քիչ չեն կառավարության անդամները, ԱԺ պատգամավորները, ովքեր ստրկացնում են հասարակ քաղաքացիներին և նորմալ չեն վարձատրում։
«Եվ մի կարևոր փաստ. ՀՀ-ն Եվրոպայից մոտ 72 միլիոն եվրո է ստացել՝ տեսչական բարեփոխումների համար, իսկ գործընթացն արագացնելը կօգնի գումարի փոշիացմանը», – նշում է թերթը։