Ոստիկանությանն անհիմն են մեղադրում անգործություն ցուցաբերելու մեջ: Այս մասին ասված է ՀՀ ոստիկանության կայքում այսօր տեղադրված հայտարարության մեջ, որի հեղինակները նշում են, որ այդ մեղադրանքները հաճախակի են դարձել վերջին շրջանում, երբ ԶԼՄ-ներով պարբերաբար տեղեկություններ են տարածվում անհայտ անձանց կողմից քաղաքացիական ակցիաների ակտիվիստներին բռնության ու ծեծի ենթարկելու մասին, ինչպես նաև նշվում է, որ ոստիկանությունն անգործության է մատնված այդ արարքները բացահայտելու գործում:
«Ոստիկանության ուշադրության կենտրոնում են թե վերջին շրջանում արձանագրված այդ կարգի բռնարարքները, թե դրանց արձագանքներն ու հիմնազուրկ հայտարարությունները:
Ոստիկանությունը հայտարարում է, որ հիշյալ բոլոր դեպքերով կատարվում է քննություն, ձեռնարկվում են համապատասխան և անհրաժեշտ աշխատանքներ, և այդ գործընթացում ակնկալում ենք նաև ականատես քաղաքացիների աջակցությունը: Հավաստիացնում ենք, որ տեղեկատվություն տրամադրողի գաղտնիությունը կերաշխավորվի:
Ոստիկանությունը կրկին հիշեցնում է, որ չբացահայտվող հանցագործություններ չկան, պարզապես պետք է հասկանալ, որ ցանկացած բացահայտում ժամանակ է պահանջում: Իսկ կոնկրետ հիշատակվող դեպքերում «սրտացավ աղմկարարների» նկարագրությունները, որոնք ոստիկանության տրամադրության տակ են, հիմք են տալիս ենթադրելու, որ հանցարարքները նախապես կազմակերպված են: Ավելին, այդ նույն «մտահոգների» առարկայական նկարագրությունների հրապարակումն առավել զգուշավոր է դարձնում հանցամիտներին ու բարդացնում բացահայտման ընթացքը:
Հանրապետությունում այսպիսի տասնյակ դեպքեր են արձանագրվում, որոնք վաղ թե ուշ բացահայտվում են: Ոստիկանությունը հավաստիացնում է, որ բացահայտվելու են նաև այս դեպքերը, հատկապես եթե «լրատվական մտահոգությանը» փոխարինի իրական, քաղաքացիական մտահոգությունն ու աջակցությունը», – հայտարարում է ՀՀ ոստիկանությունը: