Կոմիտասի 5 հասցեում իրականացվող շինարարությունը ոչ միայն տարածքի բնակիչների, այլև ամբողջ երևանցիների խնդիրն է: Այս մասին այսօր հայտարարել են Կոմիտասի 7 և 5-Ա շենքերի մի խումբ բնակիչներ, ովքեր լրագրողներին հրավիրել էին վերոնշյալ բակ՝ ներկայացնելու բակում ընթացող ապօրինի շինարարության հետ կապված բողոքներն ու անելիքները:
Հավաքվածները նշել են, թե 3 շենքի բնակիչներով երբևէ շենքի կառուցման համաձայնություն չեն տվել:
«Տպավորությունն այնպիսին է, որ ինչ-որ աբսուրդ երկրում ենք ապրում, որտեղ գոյություն ունեցող պարզ ու ահռելի պրոբլեմը պատկան մարմինները չեն տեսում, ու սա է զարմանալին: Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն ասում էր՝ «դուք անտառում չեք ապրում, դուք ապրում եք քաղաքում, պիտի պատրաստ լինեք զրկանքների, պիտի դիմանաք, ձեր շուրջը պիտի կառուցապատվի»: Մենք սարսափեցինք այս խոսքերից, փաստորեն՝ մենք քարե անտառում, քարե ջունգլիներում ենք ապրելու, ինչպես կարելի է նման բան թույլ տալ», – ասել է Կոմիտաս 7-ի՝ ներկայանալ չցանկացած բնակիչներից մեկը և զրամանք հայտնել՝ «ինչպե՞ս կարելի է մեկ մարդու շահը գերադասել 300-400 բնակիչների շահերից»:
Նույն շենքի բնակչուհի Ռուզաննա Դեգոյանն ասել է, որ խնդիրն ավելի լավ հասկանալու համար շինթույլտվություն տվող ղեկավարները պետք է գոնե մեկ անգամ այցելեն իրենց շենք:
«Երբ տրակտորը փորում է՝ մեր տունն այնպես է դղրդում, որ տնային կենդանիներս սարսափահար մտնում են անկյունները: Ես էլ վատառողջ եմ, վախից ամբողջ օրս դրսում եմ անցկացնում, հին շենք է՝ ամեն րոպե կարող է փլուզվել:
Վերջինս նաև իր զայրույթն է արտահայտել օրեր առաջ «Արմենիա» հեռուստաընկերության ցուցադրված «Մարդկային գործոն» հաղորդման ընթացքում հնչած կարծիքների վերաբերյալ և ստախոս անվանել հաղորդման կազմակերպիչներին:
Նշենք, որ հաղորդման հյուրեր գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը և կառուցապատող շենքի սեփականատեր, իրանահայ գործարար Էդուարդ Աբրահամյան-Քեշիշյանը շրջանակներում քննարկվել են Կոմիտասի 5-ում ընթացող կառուցապատման աշխատանքները:
«Էդքան սուտ ո՞նց էլ կարողանում են խոսել: Փաստորեն Նազենի Հովհաննիսյանը կես ժամվա շոուով պետական որոշում կայացրեց, ու հենց հաջորդ օրը շինտեխնիկան սկսեց աշխատել: Մենք սպասում ենք դատարանի որոշմանը, Նազենին որոշեց ամեն ինչ ու ամոթ իրեն», – ասել է Դեգոյանը:
Նա նաև նկատել է, որ շատ ԶԼՄ-ներ փոփոխում են բնակիչների խոսքն ու խեղաթյուրում են ամեն ինչ:
«Ուրեմն պետք է այնքան զգույշ լինենք խոսելուց, որ այնպիսի բան չասենք, որ վերջում չմնա՝ «ես համաձայն եմ»: Կարո՞ղ եք ասել, ո՞նց ապրեմ արդեն վթարային դարձած շենքում, պատշգամբս ամբողջովին ճաքած է, բա որ փլվի մեկի գլխին, ես ինչ անեմ: Ի՞նչ է արել էս պետությունը մեր համար էսքան ժամանակ, որ սովետի տված բնակարաններից էլ մեզ զրկում է», -եզրափակել է Դեգոյանը:
Ասուլիսի ավարտին հավաքվածները նշել են՝ եթե մինչ օրս տարածքը փրկելու համար պայքարել են օրենքի շրջանակներում, ապա այսուհետ պայքարելու են և օրենքով և սեփական միջոցներով ու որևէ մեկի թույլ չեն տալու տարածքը «քարե դժոխքի» վերածել: