Home / Հայաստան / Կարո Եղնուկյանը պահանջում է Փակ շուկայի պատից հանել սադրիչ պաստառը. նամակ գլխավոր դատախազին

Կարո Եղնուկյանը պահանջում է Փակ շուկայի պատից հանել սադրիչ պաստառը. նամակ գլխավոր դատախազին

«Նախախորհրդարան» նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանը պահանջում է ՀՀ գլխավոր դատապազ Աղվան Հովսեփյանից քրեական պատասախանատվության ենթարկել իր անձի նկատմամբ ատելություն սերմանողներին:

Եղնուկյանը դիմում է գրել Հովսեփյանին, ինչպես նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, որում նշում է, որ հինգերորդ օրն է, ինչ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ծածկած շուկայի» տնօրինությունը շենքի ճակատային հատվածում փակցրել է իր նկարով պաստառ, որի վրա գրված են՝ «մասոն», «ո՛չ վարձու ընդդիմախոսներին, ո՛չ օտարերկրյա լրտեսներին, ո՛չ գրանտակերներին. դուք դեմ եք 700 աշխատատեղերի ստեղծման»:

«Այս գործողության նպատակն իմ նկատմամբ ատելություն, խտրականություն և բռնություն հրահրելն է, ինչի մասին հրապարակավ զգուշացրել եմ սեպտեմբերի 2-ի տվածս հարցազրույցներում։ Նույն հարցով սեպտեմբերի 3-ին իր բողոքն է արտահայտել Նախախորհրդարանի քարտուղարությունը։

Սպասելի էր պատկան մարմինների գործնական միջամտութիւնը, սակայն անգործություն  ցուցաբերվեց, ինչը իմ կարծիքով բռնության այդ կոչն իրականացնելու փորձի պատճառ դարձավ։

Ինչպես հայտնի է, երեկ երեկոյան իմ բնակության շենքի մոտ հարձակում է տեղի ունեցել երկու անձանց վրա, որոնց դիմել են «ախպա՞ր ես» արտահայտութեամբ։ Կարծում եմ, նկատի են ունեցել իմ ներգաղթյալ լինելու հանգամանքը։

Այս հարձակման` իմ անձի դեմ ուղղված լինելու մասին է վկայում նաև այն փաստը, որ հարձակման ենթարկվածներից մեկը` Հայկակ Արշամյանը, ապրում է Զաքյան 3 շենքի 37 բնակարանում: Իմ բնակարանի համարը` նույն 37-ն է, նույն Զաքյան փողոցի 8-րդ շենքում, ինչը փաստում է, որ հարձակվողներն ընդամենը շփոթել են շենքի համարը:

Հաշվի առնելով վերևում շարադրավածը  պահանջում եմ քրեական պատասխանատվության ենթարկել իմ անձի նկատմամբ ատելություն, խտրականություն և բռնություն հրահրելու նպատակով  Ծածկած շուկայի ճակատային մասին պաստառ փակցրած անձանց, ինչպես նաև հնարավորինս շտապ կերպով կարգադրել հանել այդ զրպարտչական և սադրիչ բովանդակութեան պաստառը:

Միևնույն ժամանակ` պահանջում եմ օրենքով սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել իմ և իմ ընտանիքի անդամների ֆիզիկական անվտանգությունն ապահովելու ուղղությամբ», – ասված է Եղնուկյանի դիմումի մեջ: