«Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայքում ուկրաինացի լրագրող Ալեքսանդր Գորոբեցը գրում է Ռուսաստանի՝ Ուկրաինային իրեն միացնելու միջոցով կայսրությունը վերականգնելու ցանկության մասին: Հեղինակը նաև վերլուծում է Հայաստանի դերն այդ հարցում, որը պաշտոնապես հայտարարել է Մաքսային միությանն անդամագրվելու մտադրության մասին:
– Սադրիչ ոչխարը, եթե ինչ-որ մեկը չգիտի, դա այն ոչխարն է, որը միտումնավոր պահվում է մսի գործարանում: Նրան հազվադեպ են կերակրում, ու միայն այն ժամանակ, երբ խորովածի համար բերվում է գառների հերթական հոտը: Սոված ոչխարին վանդակից բաց են թողնում ու այն վազում է՝ ուտելու գիլյոտինի տակ տեղադրված միսը, իսկ նրա հետևից, կուրորեն ենթարկվելով կենդանական բնազդին, վազում են նոր ժամանած բոլոր կենդանիները: Ահա թե ինչու նրա անունը ՍԱԴՐԻՉ է…
2013 թվականի սեպտեմբերի 3-ին Կրեմլը յուրատեսակ սադրիչ ոչխարի դերում ներկայացրեց Հայաստանին: Մոսկվայի հեռուստաընկերությունը մի քանի օր շարունակ ցուցադրում էր, թե ինչպես է Հայաստանի նախագահը համաձայնում միանալ Պուտինի գլխավորած Մաքսային միությանը: Հույս ունենալով, հավանաբար, որ ուկրաինացի ոչխարները կվազեն նույն հետքերով: Երևում է՝ ՌԴ ներկայիս իշխանությունները ուկրաինացիներին որպես ոչխարի հոտ են ընդունում, որին հեշտությամբ կարելի է հրահրել կենդանական բնազդի միջոցով…
Ուկրաինային իր Մաքսային միություն ներքաշելով՝ Ռուսաստանը ավտոմատ կերպով ստանում է համաշխարհային առաջատարի կարգավիճակ, քանի որ մեր երկիրը անձև, մասամբ կեսխորհրդային Հայաստան չէ, իր էքսցենտրիկ ղեկավարի ուղղափառության միջոցով տարօրինակ Բելառուս չէ, ու ոչ էլ ասիական Ղազախստանն է, որը, ՌԴ հովանու տակ գտնվելով, կամ առանց դրա, նույն բանն է: Ուկրաինան Եվրոպայի կենտրոնում քաղաքական բարձրագույն դիվիզիոնի ճանաչված, հզոր աշխարհքաղաքական խաղորդ է, որը բազմաթիվ սեփական հաղթաթղթերն ունի: Այն չի վաճառվում:
Ուկրաինայում Մաքսային միության օգտին հիմա պատրաստ է քվեարկել հարցվածների միայն 36 տոկոսը, այն դեպքում, երբ ԵՄ-ի հետ իրենց ճակատագիրը կապելուն դեմ չէ ուկրաինական էլեկտորատի 45 տոկոսը: Վստահ եղեք, որ մինչև նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովն այս թվերը զգալիորն կբարելավվեն՝ անկախ նրանից, թե Ռուսաստանը քանի կեղտոտ խոզերի ու ոչխարների միջոցով կփորձի խոչընդոտել այդ գործընթացին: Թող Կրեմլում փորձեն. Ուկրաինայի դեմ նրանց նման արարքները միայն համախմբում են մեր հասարակությունը:
Մոսկվայի այս բոլոր աններելի գործողությունները հաստատում են հայտնի ամերիկացի քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկու կարծիքը, ով վաղուց արդեն ասել է. «Առանց Ուկրաինայի Ռուսաստանը դադարում է կայսրություն լինել, իսկ կաշառված ու հետագայում գրավված Ուկրաինայի հետ այն ավտոմատ կերպով կայսրություն է դառնում»:
Նրանց, ովքեր սովոր են մտածել շուկայական կատեգորիաներով, հետևաբար, ինտեգրացիոն գործընթացները գնահատում են տնտեսական օգուտների լույսի ներքո, ուզում եմ զգուշացնել՝ Մաքսային միությանն Ուկրաինայի միանալու մեջ օգուտ մի փնտրեք: Օգուտ չկա ու չի էլ լինի: Բացի այդ, այդ կայսրությունը ամենևին էլ էքսկուրսիա չէ դեպի անցյալը: Որքան էլ որ հինգ խորհրդային կոպեկով կրկնակի օշարակով գազավորված ըմպելիք խմելու միտքը ոմանց ռոմանտիկ չթվա:
Ինչ վերաբերում է Կրեմլի ձեռքերում պլաստիլինե Հայաստանին, որը կատարեց ռուսական սադրիչ ոչխարի դերը, ապա այս քայլով այն խաչ քաշեց ԵՄ-ի հետ երբևէ ասոցացման ու ազատ առևտրի համաձայնագիր կնքելու հնարավորության վրա: Իսկ դա ծրագրվում էր անել նույն Վիլնյուսում՝ 2013 թվականի նոյեմբերին՝ «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի ժամանակ: Ուկրաինայի հետ: Սա, թերևս, Ռուսաստանի ղեկավարության տակ գնտվող պաշոտնական Երևանի վճարած գինն էր այդ սադրանքի դիմաց:
Ուսումնասիրելով այս թեման՝ «Ազատություն» ռադիկայանի ուկրաինական խմբագրությունը եկել է այն եզրակացությանը, որ նախագահ Սերժ Սարգսյանի արարքը, ով Պուտինի ճնշման տակ համաձայնեց միանալ Մաքսային միությանը, հիասթափություն է առաջացրել երկրի բնակիչների շրջանակներում, զարմացրել է տեղական փորձագետներին, «իսկ երիտասարդությունը դեպրեսսիայի մեջ է…»:
Կարծում եմ, որ սա լավ դաս է, միևնույն ժամանակ՝ ակնհայտ նախազգուշացում Կիևի ներկայիս իշխանությունների համար: Մինչ այժմ նրանք դեռ հաստատ չգիտեն, թե որ ուղղությամբ են ուզում ուղղել երկիրը՝ դեպի Մոսկվա, թե՝ Բրյուսել: Նրանց երկերեսության մասին է վկայում այն, որ եվրոպացիների հետ նրանք խոսում են եվրաինտեգրման մասին, իսկ Կրեմլի ներկայացուցիչներից մեկին տեսնելով՝ անմիջապես հնազանդ կերպով իրենց աջակցությունն են ցուցաբերում Մաքսային միությանը: