Մաքսային միությանն անդամագրվելու իր պատրաստակամությամբ Հայաստանը վճարեց ԱՊՀ այն բոլոր երկրների փոխարեն, որոնք մտադիր էին նոյեմբերին մասնակցել Վիլնյուսում կայանալիք ԵՄ-ի գագաթաժողովին ու «Արևելյան գործընկերությանը»: Մոսկվային շատ շտապ ինչ-որ հաղթանակ էր պետք, իսկ արագ կարելի էր լուծել միայն Հայաստանի հարցերը: Այս մասին «Հայաստանը վճարում է բոլորի փոխարեն» հոդվածում գրել է լրագրող Վադիմ Դուբնովը:
Այժմ արդեն հարց է՝ Հայաստանի նախագահը նոյեմբերին Վիլնյուս կմեկնի՞, թե ոչ: Չնայած, որ դեռ մի քանի օր առաջ ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր կնքելու բոլոր թեկնածուների շարքում Հայաստանը գրեթե առաջատար էր: Դրա փոխարեն Սերժ Սարգսյանը որոշեց դառնալ Մաքսային միության չորրորդ առաջնորդը՝ Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահներից հետո:
Մոսկվան, անկասկած, միավոր շահեց, իսկ Հայաստանը՝ պարտվեց: Մինչդեռ, երկու երկրները բոլորովին տարբեր խաղեր են խաղում: Այս ամենն այսուհետ կարող է համարվել հետխորհրդային ինտեգրման նոր բանաձև:
Խոսքը միայն Հայաստանի մասին չէ: Ուղղակի այս սյուժեում այն ստիպված էր պատասխան տալ ու վճարել բոլոր նրանց փոխարեն, ովքեր մտադիր են նոյեմբերին մեկնել Վիլնյուս: Ի վերջո, Հայաստանի գործերը գերազանց էին ընթանում, բոլոր փաստաթղթերը պատրաստ էին: Թվում էր՝ մնում էր միայն նոյեմբերին սպասել:
Ռուսաստանի վատ տրամադրությունը գուշակելն էր հնարավոր չէր: Եվրոպական ճանապարհով ընթանալ ցանկացողներից՝ պաշտոնական Երևանի մտադրությունը Մոսկվային, թվում էր, պետք է ամենաքիչը մտահոգեր: Հայաստանն իրենից հատուկ ռազմավարական շահութաբաժին չի ներկայացնում, այն Ուկրաինա չէ: Անգամ Մոլդովա չէ, որը գոնե սահմանակից է Եվրամիությանը: Բացի Գյումրիում սեփական զորամասերը հսկող ռուսական ռազմակայանից, Ռուսաստանն ու Հայաստանը, մեծ հաշվով, ոչինչ արդեն վաղուց չի կապում: Հայաստանի՝ ինչ-որ արժեք ունեցող տնտեսությունը, առաջին հերթին՝ ենթակառուցվածքայինը՝ էներգետիկան, երկաթուղիները, գազատարները, հեռահաղորդակցումը, վերահսկվում է Կրեմլի կողմից: Նույն Ռուսական երկաթուղիները միայն կարող են երազել, թե երբ Հայաստանը վերջապես կբացվի աշխարհին, ու այդ գնացքներով ուր հնարավոր կլինի գնալ, կամ՝ ինչ տանել: Ղարաբա՞ղ: Այնտեղ արդեն վաղուց որոնելու ոչինչ չկա, հակամարտության կարգավորմումը բոլորը որպես բեռ են ընդունում, որը ստիպված են կրել՝ կարգավիճակից ելնելով:
Հայաստանի հեռանալով՝ Մոսկվան հաստատ ոչինչ չէր կորցնում, անգամ իմիջի առումով: Հատկապես, որ ոչ մի հեռանալու մասին անգամ խոսք չէր կարող գնալ: Այո, Հայաստանը հայտարարել էր Եվրոպայի օգտին իր ընտրության մասին, ինչը, այդ երկրի պայմաններում, համարյա քաղաքակիրք ընտրության տեսք ունի, և դա կարևոր է:
Բայց Մոսկվան, ինչպես հայտնի է, ավելի շատ հետաքրքրված է անհապաղ կոնկրետ գործողություններով, որոնք տեղավորվում են մեկ, առավելագույնը երկու նախագահական ժամկետների մեջ: Այն փիլիսոփայության համար ժամանակ չունի: Գազի առաքման ծավալնե՞ր՝ այո: Կալիումի շուկայի վերաբաշխու՞մ՝ հետաքրքիր է: Քաղաքակիրթ ընտրությու՞ն: Դե, ժամանակ լինի՝ կխոսենք…
Երևանում, հավանաբար, հենց այս տրամաբանությունից դրդված էլ գործել են: Սակայն տրամաբանությունը այնքան տարբեր էր, որ Հայաստանը մի ակնթարթում գերազանցիկից վերածվեց թույլ օղակի: Ամեն ինչ ավելի հեշտ է ու առանց դիալեկտիկայի:
Հայտնի է, որ և Երևանը, և Մոսկվան լավ գիտեն, թե որն է Հայաստանի ամենաթույլ կողմը՝ անվտանգությունը: ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, ու արդեն հայտնի է, որ ՀԱՊԿ-ի մասին հիշեցումը կարող է կասեցնել Երևանի յուրաքանչյուր պոռթկում:
Իր գործունեության բոլոր տարիների ընթացքում ՀԱՊԿ-ը դեռ ոչ մեկին չի հիշվել որպես անվտանգության համակարգ: Որպես քաղաքական համակարգ՝ ևս, որում առկա է որոշակի քաղաքական իմաստ՝ մասնակիցներից ոչ մեկն իր տարածքում ակտիվ գործողությունների համար պատժամիջոցներ չի կիրառում, նարնջագույն հեղափոխություններ տեղի չեն ունենում, իսկ ում էլ գահընկեց են անում՝ ափսոս չէ: Բացի այդ, ինչո՞վ կարող էր ՀԱՊԿ-ը օգնել Հայաստանին: Ռուսաստանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարակշռելու շրջանակներում՝ իր հեռավորությունը պահող Բաքուն ՀԱՊԿ-ի համար ավելի մեծ հետաքրքրություն է ներկայացնում, քան ռազմավարական դաշնակից Հայաստանը: Իսկ ներկա իրավիճակում օգնությունը ծիծաղելի կլիներ. Ադրբեջանի կողմից մեծ քանակությամբ գնված նոր ռուսաստանյան զենքն ընդդեմ Ղարաբաղում տեղակայված օգտագործված զրահամեքենաների ու չինական «սմերչերի», որոնք, ըստ այս տրամաբանության, հետագայում ղեկավարվելու են Գյումրիում ռուսական ռազմակայանի մասնագետների կողմից:
Մի խոսքով, տպավորություն է ստեղծվում, որ «անվտանգության կարմիր գծի» մասին խոսակցություններում էլ ինչ-որ խորամանկ գաղտնապահություն կա: Եվ ՀԱՊԿ-ը, հավանաբար, լիարժեք փաստարկ է, բայց այնուամենայնիվ, միակը չէ: Ու ոչ էլ՝ ամենակարևորը:
Սարգսյանն արդեն երկրորդ պատմական հեղափոխությունն է ձեռնարկում: Առաջինը սկսվել էր հինգ տարի առաջ, երբ Հայաստանն ու Թուրքիան հայտնվեցին ֆուտբոլի աշխարհի առաջնության նույն որակավորման խմբում: Այն ժամանակ, ամերիկացիների ղեկավարության տակ, ինչպես հիմա՝ եվրոպացիների օգնությամբ, Հայաստանի նախագահը հույս ուներ պատմական առաքելություն իրականացնել՝ հաշտվել հավերժական թշնամու հետ: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա Սարգսյանը, կարծես թե սպասելով առաջին խոչընդոտին, հրաժարվեց հեղափոխությունից: Ընդ որում, ներկայիս հրաժարականն ավելի պակաս պարտադրված տեսք ուներ, քան նախորդը: Հայաստանցի քաղաքագետ Մարթա Այվազյանը կարծում է, որ անձամբ Սարգսյանին ավելի մոտ է Արևմուտքը: Ինչպես հայկական, ու ընդհանրապես հետխորհրդային էլիտայի մեծ մասին: Բայց Արևմուտքի գրավիտացիոն դաշտում ընդունված խաղի կանոնները շարունակում են ճնշել փախուստի դիմելու բոլոր թեկնածուներին:
Հնարավոր է՝ Սարգսյանին համոզելու համար պարտադիր չէր նրան վախեցնել Ղարաբաղում Ադրբեջանի հնարավոր հաջողություններով: Ամեն դեպքում, անգամ այդ իրավիճակում Հայաստանի նախագահը մանևրելու համար դաշտ կունենար: Ժամանակ ձգելու համար: Վերջիվերջո, Հայաստանը Մոսկվային 20 տարի չէր սովորեցնում, որ ստիպված է հավասարակշռություն փնտրել Արևմուտքում, որպեսզի մեկ օրում այդ ամենից հրաժարվեր:
Այնպես որ, հնարավոր է, որ Հայաստանը ամեն ինչից չի էլ հրաժարվել: Չէ որ մենք խոսում ենք ինտեգրման նոր բանաձևի մասին, իսկ այստեղ ամեն ինչ հանգում է ընդունելի գնի որոնմանը, որը Հայաստանը կկարողանա վճարել Մոսկվային՝ իր ազատության դիմաց: Մոսկվան ազատության մասին անդորրագիրը կարող է ստորագրել վաղը, կարող է՝ ոչ: Բայց հնարավորություն կա, ու վաղը այդ հնարավորության փոխարժեքն էլ ավելի կբարձրանա, ու բոլորը դա քաջ գիտակցում են: Հնարավոր է՝ ուկրաինացի քաղաքագետներից մեկը հենց դա էլ նկատի ունի, ով կարծում է, որ քաղաքակիրթ ընտրությունն արդեն արվել է՝ դա Եվրոպան է, հարցը միայն ռիսկերը նվազագույնի հասցնելու մեջ է: Կիևը հենց դրանով էլ զբաղված է. Մոսկվայի հետ պայքարում է ոչ թե կոնֆետների, այլ վաղը Ռուսաստանից ազատվելու գնի համար:
Հնարավոր է՝ Պուտինն ու Սարգսյանը հենց այս ռիսկերն էլ քննարկել են, այլ ոչ՝ ղարաբաղյանը:
Չէ՞ որ Եվրամիության հետ ասոցացումը դեռևս նիշերի նույն համակարգն է, ինչ Մաքսային միությունը: Ի՞նչն էր խանգարում նույն լեզվով խոսող գործընկերներին համաձայնել, որ Մաքսային միությանն անդամագրվելը հենց այն գինն է, որ Երևանը պետք է վճարի՝ Վիլնյուս մեկնելու համար: Առավել ևս, որ ըստ եվրոպացիների՝ միաժամանակ Մաքսային միությանն անդամագրվելու ու ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելու մեջ ոչ մի ճակատագրական բան չկա:
Բայցևայնպես, անգամ եթե Վիլնյուսը չեղյալ չի համարվել, ապա այն զգալի աստիճանով արժեզրկվել է: Եթե անգամ փաստաթղթերը ստիպված լինեն ուղղել միայն Երևանի համար, այդ ուղղման ստվերը կընկնի բոլորի վրա: Այնքան, որքան այսօր Հայաստանը ստիպված եղավ վճարել բոլորի փոխարեն: