Շաբաթ օրը ձերբակալվել է Դատական կարգադրիչների ծառայության պետ, Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արմեն Մովսիսյանը։ Մինչ այդ ձերբակալվել էր նաև Մովսիսյանի տեղակալ Գագիկ Խաչատրյանը, ով, «Հրապարակ» օրաթերթին հասած տեղեկություններով, անհրաժեշտ ցուցմունքներ է տվել, և նրան անձնական երաշխավորությամբ բաց են թողել, իսկ մյուս տեղակալը՝ Գեղամ Գրիգորյանը, «փախած» է։ Վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Թերթը նշում է, որ «փախած» է նաև Դատական կարգադրիչների ծառայության վերահսկողության բաժնի պետը, ինչպես նաև Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության պետը։
Գործը վերաբերում է Դատական կարգադրիչների ծառայությունում կատարված խոշոր յուրացումներին։ Տարբեր ընդհանուր իրավասության դատարանների դատական կարգադրիչների ստորաբաժանման պետերը կարգադրիչների են ընդունել աշխատանքի, ովքեր միայն գրանցված են եղել, սակայն աշխատանքի չեն ներկայացել։ Նրանց միայն աշխատանքային ստաժն է գրանցվել, և կոչումներ են ստացել, իսկ աշխատավարձերն ստացել են ուրիշները: